Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/432

Այս էջը սրբագրված է

գնով վաճառում են այն, ինչ որ մենք վաստակել ենք դարերի ընթացքում—մեր անունը, պատիվը, մեր ազգային ինքնասըրությունը։ Ցերեկը երեսուն տոկոսով պարտք տվող մի վաշխառվի տանը մենք երեկոյան ընթրում ենք, մասնակից ենք լինում ուրիշների արյունի և քրտինքի գնով ձեռք բերված սեղանին։ Այդ ապականության վերին ծայրն է, կարծես, ավելի հեռու գնալ չի կարելի։ Բայց հասկացեք, որ մենք գնում ենք դեռ ավելի հեռու։— Մեր լրագրության և գրականության մեջ ծախու գրչակներ որքան անգամ և որպիսի ներբողներ են կարդում այն ապականիչներին, որոնք ազնվություն են համարում անազնվությամբ վաստակած հազարներից մի քանի կոպեկներ շպրտել ազգային բարեգործական սեղանի վրա։ Եվ մի՞թե այսպիսով չի կրկնապատկվում այն վնասը, Որ ստանում է հայ ազգի անունը յուր ապերախտ զավակներից։ Մյուս կողմից՝ մի՞թե նույն հարստահարիչները ավելի չեն խրախուսվում, ինքնըստինքյան կանգնելով այն խավար համոզմունքի վերա, թե «ա՛յո, մենք կարող ենք անընդհատ կեղեքել դորան ու նորան, լցնել մեր գրպանները հարյուր հազարներով, և հետո, մի քանի հարյուր ռուբլի նվիրելով ազգային և այն հիմնարկության կամ եկեղեցուն, հասարակության մեջ բարոյական վարկ վաստակել»։ Ո՞չ, վաճառականը ռուբլիներով չի կարող արդարացնել յուր անցյալը և ներկան, նորա մեղքը այնքան ծանր է և տված վնասները այնքան բարդ, որ եթե յուր ամբողջ կարողությունը անգամ գնի քավարանի գանձարանում, հազիվ թե կարողանա զտվել և մաքրվել հայ ազգի աչքում։ Ի՞նչ, մի՞թե կարծում եք, որ բարոյական հանցանքը կարելի է նյութական նվիրատվությամբ սրբագործել, և մի՞թե հավատացած եք, որ նվիրատվությունը բարեգործություն է։ Ո՛չ, այդ սխալ է, որ մյուս անգամ կբացատրենք։


ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՎՏՈԻՐ

Խոսելով մեր վաճառական դասակարգի դատապարտելի կացության մասին, եթե հիշում է ընթերցողը, ակնարկեցինք և այն հանգամանքը, որ հայ հասարակության այդ մասը իր