Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/437

Այս էջը սրբագրված է

հաշվով, և ամեն մի փոքրիշատե կրոնասեր թուրք կամ պարսիկ չարաչար հանցանք է համարում` դատարկ մերժել մուրացող «սեիդի» ափը, երբ նա պարզվում է յուր առջև։

Պարսիկ ժողովրդի մեջ պտտում են հազարավոր հեքիաթներ, առասպելներ, որոնց իմաստով խստասրտությունը հաղթվում է բարեսրտությունից, չարագործությունը բարեգործությամբ։ Տոն և անգամ հասարակ օրերում մեջիթների դռներում բազմաթիվ մուրացկանների պարզած ձեռներ կարող եք տեսնել Անդրկովկասի ամեն մի թրքաբնակ քաղաքում։ Բարեպաշտ մուսուլմանը, կեսօրվա յուր «նամազը» մարգարեի տաճարում կատարելուց հետո, առանձին ախորժակով է ուտում յուր «փլավը և դոլման», եթե նա տաճարից դուրս գալիս մի սև դրամ է դրել յուր առջև բացված չքավոր ափում։ Ամբողջ «Մահառամի» ամիսը, երբ ներկայացվում է Մահամմադի քրոջ ամուսնի, Ալիի «ալամների» կողմից նահատակվելը, մահմեդականի բարեգործական ոգին ավելի գրգռվում է, մանավանդ հիշյալ ամսի վերջին տասն օրերը։ Իսկ ամենավերջին օրը, երբ արդեն գլխավոր ներկայացումը, «Շահ—Հյուսեին Վահ—Հյուսեինն» է կատարվում, ամեն մի մահմեդական եռանդուն բարեգործ է։ Հանուն նահատակ մարգարեի՝ իրանց կուրծքը ծեծող, գլուխը թուրով կտրտող, մարմինը պես֊պես վերքերով տանջող բարեպաշտների համար բաց է ամենքի սիրտը։ Գոհունակության արտասուքը աչքերին մահմեդական չքավոր պառավը և հարուստ վաճառականը հավասար հոժարությամբ նվիրում են իրանց լուման։ Խանութպան պարսիկը գլուխներով շաքար է զոհում տանջվողների սիրտը քաղցր «շարբաթով» զովացնելու համար։

Այսպես՝ յուրաքանչյուր մի մահմեդական, հանուն յուր սրբազան կրոնի, բարեգործ է։ Բայց այդ բարեգործությունը անհատական է. օգնում է ամեն ոք և օգնում է առանձին առանձին, միմյանցից անկախ։ Հավաքական, ընկերական բարեգործություն դեռ մինչև այսօր չկա մահմեդական ժողովրդի մեջ. գոնե Անդրկովկասի թուրքերի վերաբերմամբ այդ մի անհերքելի իրողություն է։ Չկա անհատների մի ժողով, մի