Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/439

Այս էջը սրբագրված է

ձգտել դեպի ներկա քաղաքակրթությունը։ Իսկ հոգևորականությունը յուր կողմից, նամանավանդ, խստացնում է այդ արգելքը, շնորհիվ յուր տգիտության և մոլեռանդության։ Ամենաբարեպաշտ մուսուլմանը չի համաձայնի անմիջապես քրիստոնեի ձեռքից որևէ մի առարկա ընդունել, ուր մնաց հետևել նորա օրինակին։ Ճանաչում ենք անթիվ մուսուլմաններ, որոնք հանցանք են համարում եվրոպական կոշիկներ հագնել անգամ։ Իսկ եթե հագնում են, կանխապես այդ կոշիկները սրբագործում են այլ մահմեդականի ձեռքում։

Կարելի՞ է միթե այդ կույր մոլեռանդության մեջ մտածել եվրոպական քաղաքակրթության մասին։— Ամենևին։ Եվ մահմեդականներից նորա, որոնք մտածում են և կամենում են հասկացնել իրանց կրոնակիցներին, ենթարկվում են հարյուրավոր հալածանքների։

Օրինակներ եղել են և այժմ էլ կան։ Թիֆլիսում հրատարակվող միակ թուրքերեն լրագրի («Քեշկյուլ») խմբագիրը մինչև այժմ չգիտե որ բարբառով հրատարակել յուր թերթը, պարսկակա՞ն, թե՞ Հադրբեջանի։ Նա սկսեց Հադրբեջանի բարբառով, որ հասկանալի լինի Անդրկովկասի թուրք ազգաբնակության, որի ահագին մեծամասնությունը անծանոթ է պարսկերենին։ Ոչ ո՛ք չկամեցավ կարդալ, իսկ հոգևորականությունը սկսեց ծաղրել։ «Կարելի՞ է միթե, — ասում է նա և այժմ,— Հադրբեջանի գռեհիկ լեզվով նշանավոր մտքեր արտահայտել, միայն արաբերենը և մասամբ պարսկերենը ունեն այդ բարձրագույն հատկությունն»։ Ջալալ էֆենդի ՈՒնսի Զադեն այնուհետև սկսեց յուր թերթը հրատարակել պարսկերեն և արաբերեն։ Բայց ոչ ոք ոչինչ չէր հասկանում։ Նա վճռեց դարձյալ դիմել հադրբեջանյան բարբառին։ Այժմ «Քեշկյուլը» շարունակում է հրատարկվել նույն հասկանալի բարբառով։ Իսկ մոլլաները չեն դադարեցնում իրանց թշնամությունը նորա դեմ։

Ավելի անմխիթար էր Ջալալ էֆենդիի մեծ եղբոր թերթի վիճակը, որ մի ժամանակ հրատարակվող էր թիֆլիսում «Զիյա» (Արշալույս) անունով, նա ոչ մի հաջողություն, չունեցավ և շուտով դադարեց։ Այժմ «Զիյա»֊ի խմբագիրը մի քանի լուսավորված թուրքերի, պ. Շիլյանսկու և այլոց հետ