Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/44

Այս էջը սրբագրված է

է տալիս հուսալու, որ նույն քաղաքավարությունը կտեսնենք և Սանահնի վանքում։ Բայց ավելի կոպիտ արարած չէինք կարող երևակայել, քան այն հակակրելի շրթունքներով և լկտի աչքերով երիտասարդ սպասավորը, որին Վարդան արքեպիսկոպոսը հրամայել էր՝ հյուրընկալել մեզ։ Սամովարը չստացանք։

Զաքարյանը թուրը գցեց ուսովն և գնաց վանահոր հիվանդ ոտքը քննելու, որի մասին ինքը սրբազանն էր խնդրել։ Մեր Սենյակին կից կային մի քանի ուրիշ, նույնպիսի կիսախարխուլ սենյակներ։ Այդտեղ իջևանել էին երկու թիֆլիսեցի այրի կանայք։ Չգիտեմ ովքեր էին, ուխտավորնե՞ր, թե՞ ուրիշ գործով էին եկել, բայց բարեսիրտ կանայք էին։ Հրավիրեցին մեզ թեյի, հյուրասիրեցին ճոխ նախաճաշիկով։ Այն ժամանակ միայն վանքի սպասավորը բարեհաճեց մեզ համար սամովար բերել, արդեն սառած և այն էլ շատ քիչ ջրով։ Սամովարը ետ դարձրինք, սպասավորին դուրս վռնդեցինք։

Կես ժամ անցած վերադարձավ Զաքարյանը։

— Հըմ, ինչպե՞ս է նորին սրբազանության ոտը,— հարցրինք մենք։

Բժիշկը, գլուխը շարժելով, պատասխանեց, թե սրբազնական ոտը շատ տարօրինակ դրության մեջ է։

— ինչպե՞ս։

— Ես կյանքումս առաջին անգամն եմ տեսնում մի ոտ, որին մի արքեպիսկոպոս մի անգամից արժանացրել է այդքան հոգևոր աստիճանների։ Հերը օրհնածը Սանահնի վանքում էլ հնություններ չի մնացել, որ իր ոտին փաթաթած չլինի, էլ տիրացուի շապիկ, էլ հինգ աստիճանի դպիրի ուրար, էլ քահանայական շուրջառի կտորտանք, էլ հին խաչվառների կտորներ, էլ փիլոնի թևեր, կարճ, ինչ հոգևոր զգեստների նմուշ ասես կա այնտեղ։

— Բայց թեթևացրիր սրբազանի ոտը սրբազան ծանրությունից։

— Փորձեցի, բայց իզուր։ Ասում է. «Օ բաշտան էս հալի էր, էլի թող մնա»։

Այժմ միայն հասկացա, թե ինչ էր նշանակում այն ահագին թումբը, որ երեկոյան տեսանք անկողնակալի վրա.․․