Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/444

Այս էջը սրբագրված է

գյուղացին իբրև մարդ, իբրև բնական արարած, տեսնելով յուր համար կատարվող այդ օգտավետ փոփոխությունները, ի վերջո կթողնի այն համոզմունքը, որ այժմ արյուն և մարմին է դարձել նորա մեջ, այն է, թե միշտ յուր վրա նայում են իբրև մի կթվող կովի վրա։ Իսկ երբ այս համոզմունքը կխախտվի նորա մեջ, երբ նա կսկսե հավատով վերաբերվել դեպի վարչական տարրերը, այն ժամանակ, հարկավ, տեղի չեն ունենալ այն թյուրիմացությունները, որ տեղի ունեն այժմ և որքան հաճախ խոչընդոտ են հանդիսանում շատ օգտավետ ձեռնարկությունների։ Այս է մեր սպասելիքը առաջիկա ցուցահանդեսից։ Ուստի, ցանկանալով Կովկասյան ցուցահանդեսին հաջողություն, մաղթենք, որ նա ունենա մեր ցանկացած հետեվանքները հօգուտ գյուղական ազգաբնակության տնտեսական և բարոյական վիճակի։

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ա

Հառաջաբան: Մետաքսագործություն

Նախքան նկարագրություն սկսելը, կարևոր եմ համարում մի քանի ընդհանուր նկատողություններ անել։ Կովկասյան ցուցահանդեսը կարճ ժամանակի և շտապ գործողության արդյունք է։ Ընդամենը մի տարի չի անցել այն օրից, երբ այս գեղեցիկ ձեռնարկության միտքը առաջին անգամ հղացավ Թիֆլիսի Գյուղատնտեսական Ընկերությունը, որ Ռուսիայի լոկ միայն անունով հայտնի գիտնական ընկերությունների ամենագործունյաներից մեկն է համարվում։ Ցուցահանդեսի համար պատրաստություններ սկսվել են միայն ութ ամիս սորանից առաջ։ Մի կողմից, ժամանակի սղությունը և Կարգադրիչ Հանձնաժողովի այնքան էլ փորձառու չլինելը, մյուս կողմից՝ մեր երկրացիների համար գործի նորատեսակ լինելը — պատճառ եղան, որ այսօր Կովկասյան ցուցահանդեսը թերի է, մասամբ անկանոն և