Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/453

Այս էջը սրբագրված է

գործունեության, մենք գիտենք, թե այդ երկու նահանգները որպիսի անսպառելի հարստություններ են պարունակում իրանց մեջ:

Այս կողմից Կովկասյան ցուցահանդեսը խորին մտատանջություն է պատճառում մարդու։ Հեռավոր աշխարհից եկել են զանազան մարդիկ և, միմիայն զենք ունենալով իրանց գիտությունը ու համարձակությունը, կարողացել են թափանցել մեր երկրի սիրտը և ագահությամբ ծծել նորա թանկագին հյութերը, գուցե գաղտնի արհամարհանքով ծիծաղելով մեր տգիտության, թուլության և երկչոտության վրա։ Այն ինչ մեր տոկոսամոլները, ձեռները ծոցում դրած նայում են այդ անկոչ հյուրերի հաջողությանը և տկար նախանձով հառաչում։ Փորձեցեք ասել այդ մարդկանց, թե իրանց սեփական երկրի հարստությունը կարող են իրանք վայելել, եթե միայն ունենան վայելելու ցանկություն, և նոքա ձեզ վրա կծիծաղեն։

Ի՞նչ, կարելի՞ է միթե Սիմենս կամ մի ֆրանսիական ընկերություն լինել, առանց ունենալու մեկի կամ մյուսի միլիոնները։ Եվրոպացիները հարուստ են, ունին մեծ դրամագլուխ, իսկ խոշոր ձեռնարկությունների համար անհրաժեշտ է խոշոր դրամագլուխ,— ահա մեր մինչև անգամ լուսավոր մարդկանց կարծիքը։ Ընդունենք մի րոպե, որ այդ կարծիքը անպայման ճիշտ է. բայց ի՞նչպես հաշտվել այն մտքի հետ, որ նույնիսկ մեր սակավաթիվ դրամատերերն անգամ, նյութական միջոց ունենալով ամենահանդուգն ձեռնարկություններ սկսելու, մինչև այսօր ռուսաց զորքերի համար օղի կամ հաց մատակարարելու կապալառություններից հեռու չեն տարածել իրանց ընդունակությունները, եթե ի նկատի չառնենք նավթային արդյունաբերությունը, որ ունի յուր բացառիկ պայմանները և որի մասին կխոսենք մեր հետագա հոդվածներում։ Ոչ, մեր արդյունաբերական կյանքի զարգացման դանդաղությունը ունի այլ պատճառներ, որ անհամեմատ ավելի նշանավոր են, քան դրամի պակասությունը։

Ինչպես մեր կյանքի շատ հանգամանքներում, այստեղ ևս մեր անշարժության գլխավոր հիմքը փոքրոգությունն է։ Կովկասցի մարդու բոլոր ձեռնարկությունները ներշնչված են միշտ փոքրոգությամբ։ Այս խոշոր հատկանիշն արտահայտիչ