Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/454

Այս էջը սրբագրված է

նշաներն են՝ նախ անհամբերությունը և երկրորդ ընկերական ձգտումներ չգոյությունը, կասկածոտությունը և, որ ամենագլխաորն է, նախանձը։ Կովկասցին, այսինքն՝ հայը, որովհետև, հայերն են կազմում վաճառական գլխավոր տարրը, սովոր է և սիրում է ձեռնարկել այնպիսի գործի, ուր նա հավատացած է, թե կարող է ամենակարճ ժամանակում մի որոշ հետևանքի հասնել, այսինքն՝ իմանալ յուր շահը կամ վնասը։ Այս պատճառով նրա բոլոր ձեռնարկությունները կարճ ժամանակյա է լինում։ Իսկ ուր պահանջվում են երկարատև տոկունություն, եռանդ, մի խոսքով այն, ինչ որ հասարակ մտքով համբերություն անվանեցինք, այսպիսի ձեռնարկություններից նա փախչոււմ է երկչոտությամբ։ «Ես պետք է իմանամ առավոտյան ծախսած մանեթս երեկոյան ինձ որքան շահ է տալիս»,— ահա հայ վաճառականի կամ դրամատիրոջ նշանաբանը։ Ուստի նա գործում է միմիայն այսօրվա համար, հեռավոր ապագայի գործը նրան սարսափեցնում է, որովհետև տգիտությունը և սահմանափակ աշխարհայացքը չեն թույլ տալիս նրան՝ այդ ապագան պարզ ներկայացնելու։

Ապա՝ ընկերական ձգտումների բացակայությունը, նորա հակառակ անհատականության վերին աստիճանի զարգացումը, որ հայի բնական հատկանիշն է, և սև նախանձը, այս բոլորը, որ նույնպես փոքրոգության նշաններ են, լրացնում են պակասը։ Հայ դրամատերը սիրում է միայնակ գործել, առանց յուր ուժերը և միջոցները միացնելու ուրիշի հետ, նա չէ հավատում մի ուրիշ դրամատիրոջ ոչ անկեղծությանը, ոչ ազնվությանը և ոչ խելքին։ Եթե մի գործ նա կարող է սկսել միայնակ, սկսում է եթե ոչ բարվոք է համարում հրաժարվել այդ, թեկուզ շատ շահավետ գործից, քան յուր վիճակը կապել մի ուրիշի վիճակի հետ։ Տարակույս չկա, որ այսպիսի հանգամանքներում ինչպես ամեն մի բան, նույնպես և արդյունաբերությունը մեզանում չի կարող հառաջադիմություն անել. նա վերջ ի վերջո կընկնի, և արդեն սկսել է ընկնել, օտարների ձեռքը, որոնք գլխավորապես ոչ թե մեծ դրամագլուխներով են հաջողում իրանց ձեռնարկությունների մեջ, այլ ընկերական ոգու վերին աստիճանի զարգացմամբ։

Օտարների հաջողությունը մեր երկրում նամանավանդ