Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/462

Այս էջը սրբագրված է

Դառն էր քեզ համար այդ կռիվը, բայց և հաճելի։ Քո գրչի ծայրը ամեն անգամ թաթախում էիր քո սրտի արյունում և այնպես հրապարակ դուրս գալիս։

Պարտքի համար պատերազմող զինվորը կռվում է սառնասիրտ, նա միայն զգում է, որ իր պարտքն է կատարում։ Կոչումով զինվորը կռվում է կատաղի կերպով, առանց ետ նայելու, առանց իր հարվածները համարելու, առանց կոտորածների թիվը արձանագրելու։ Դու կոչումով զինվոր էիր, սակայն և պարտքի զգացմունքով ևս տոգորված։

Երբ կռվում էիր» չէիր մտածում հաղթությանդ փոխարեն ստանալիք պարգևների մասին, ինչպես պարտքի համար կռվող զինվորը։ Ոչ, հարվածելը քո հոգու և սրտի պահանջն էր։

Դու համաշխարհային աստղ, անզուգական հանճար չէիր, բայց լավ ճանաչեցիր ժողովրդի դրությունը և արեցիր այն, ինչ որ պահանջում էր ժամանակը։ Ահա ինլոլ քո անունը պետք է հայոց անմահների դասը մտնե և պատմության մեջ գրավի նախանձելի տողեր։

Կանցնեն տարիներ, կանցնեն կրքերը, հուզմունքները, չափազանցությունները, և ապագա սերունդն ավելի գիտակցաբար կգնահատի քեզ, քան թե մենք։ Բայց որքան խիստ լինի քո քննադատը, նա չէ կարող քո երկար տարիների աշխատության մեջ չգտնել բուն գոհարը և իր արժանավոր տեղը տալ ազգի թանգարանում։

Բախտավոր էիր, որ մեռար փառքիդ գագաթնակետին հասած։ Շատերն են իրանց կենդանության ժամանակ մահանում։ ճակատագրիդ աստղը քեզ ապահովեց այդ կենդանի մահացումից։

Թող մենք ողբանք, որ առայժմ քեզ փոխարինողը չունենք ասպարիզում։ Սակայն ապագայի վրա խորին հավատ ունեցողը երբեք չպիտի հուսահատվի։ Ժամանակը ինքը միշտ առաջ կբերի քեզ նման ժողովրդի կարիքներին համապատասխան գործիչներ։

Քո կյանքի վերջին տարիները մի խրատական փաստ է քո հաջորդների համար։ Հայ ժողովուրդը քեզանով ջնջեց իր ճակատից ապերախտության այն կնիքը։ որ շատերն էին դրոշմում այնտեղ։ Նա, քո գործերը գնահատելով, առատ