Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/465

Այս էջը սրբագրված է

արմատացած պահպանողականության, որը հավասարապես տեղ էր գտել այն ժամանակվա գրեթե բոլոր կարևոր պարբերական օրգաններում։ Երիտասարդությունը, որ դաստիարակվել էր համամարդկային գաղափարներով և Պատկանյանի երդերով էր ոգևորված, չէր կարող հաշտվել հասարակության այդպիսի դրության հետ։ Նա ձգտում էր վերջնականապես հաղթահարել այն դարավոր պատնեշը, որը անջատում էր այդ հասարակությունը եվրոպական կուլտուրայից։ Իսկ այդ պատնեշը դեռևս ամուր էր և հենվում էր, մի կողմից, ղեկավարողների սնահավատության ու նախապաշարումների, մյուս կողմից՝ ղեկավարվողների բարոյական կուրության և մտավոր թուլության վրա։

Հնապաշտության դեմ հաջողությամբ պայքարելու համար երիտասարդությունը պետք է համախմբվեր և պայքար մղեր ընդհանուր ուժերով։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր մի մարդ, որ ունենար հաստատորեն ամրապնդված հայացքներ, կամքի մեծ ուժ, մի խոսքով անհրաժեշտ էր մի զորավար, որը այս ու այնտեղ ցրված մարտիկների առջև հայտնըվեր որպես իր ուժերին վստահ ղեկավար։ Հ

ենց այդպիսի մարդ պետք է դառնար Գրիգոր Արծրունին։

Դա զգացվում էր ավելի վաղ շրջանում, երբ նա դեռևս գտնվում էր հայրենիքից հեռու։

Նա քսան տարեկան պատանի էր, Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանող, երբ առաջին անգամ հայտնվեց հրապարակախոսական ասպարեզում։

«Մեղու Հայաստանի» կրոնական — պահպանողական թերթում և «Հայկական աշխարհ» անգույն հանդեսում տպագրվում են Արծրունու հրապարակախոսական փորձերը։ Առաջին իսկ հոդվածներից հեղինակի մեջ նկատվում է հրապարակախոսական տաղանդի առկայծ և հասարակական գործչի առջև դրված իսկական խնդիրների ճիշտ ըմբռնում։ Ապշեցուցիչ է Արծրունու հայացքների խիզախությունը նույնիսկ նրա գործունեության այդ ամենավաղ տարիներին։ Այդտեղ հանձին նրա երևում է մի մարդ, որը ոչ միայն խորապես համոզված է և անսասան կերպով հավատում է իր ասածներին, այլև որն իր առաջ խնդիր է դրել առանց

16 Շրվանզադե. Երկերի ժողովածու, Հ․ IX