Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/467

Այս էջը սրբագրված է

սկիզբ էին առնում ոչ միայն այն կենտրոններից, ուր գլխավորապես համախմբված էր գիտելիքների ու լույսի ծարավ այդ երիտասարդությունը, այլև այն միջավայրից, որի հետ միշտ շփվում էին այդ երիտասարդության խոշորագույն ներկայացուցիչները։ Հայ հրապարակախոսության մեջ այդ գաղափարների ամենափայլուն արտահայտիչը Նալբանդյանն էր, իսկ նրան հետևեցին շատերը։

Ինչ վերաբերում է Արծրունուն, ապա տվյալ դեպքում նա չդարձավ ոչ Նալբանդյանի, ոչ էլ ուրիշների կույր հետեվորդը։ Ո՛չ։ Ինչ էլ նա ասեր և ինչպես էլ որ ասեր, միշտ հանդես էր բերում իր հայացքների ինքնատիպությունը։

Հիվանդության պատճառով երկրորդ կուրսից թողնելով Պետեր բուրգի համալսարանը՝ Արծրունին ժամանակավորապես ընդհատում է պարապմունքները և մեկնում Նիցց՝ առողջությունը վերականգնելու նպատակով։ Որոշ ժամանակ անց նա մեկնում է Շվեյցարիա և նոր ուժերով շարունակում ուսումը նախ Ցյուրիխի, ապա Ժնևի համալսարաններում լսելո՛վ գասախոսություններ քաղաքականության և քաղաքատնտեսության վերաբերյալ։ Ապա երկու տարի անց նա մեկնում է Գերմանիա և ընդունվում Հեյդելբերգի համալսարանը որպես ուսանող։ Երկու տարի մնալով այստեղ Արծրունին ավարտում է ուսման լրիվ դասընթացը և ստանում փիլիսոփայության դոկտորի դիպլոմ։

Այն ժամանակվա, ինչպես և ներկայիս հայ երիտասարդության համար որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունից դիպլոմ ստանալը նրա գիտական կրթության վերջնական նպատակն է։ Ավելի առաջ նա այլևս չի դնում, գիտությունները նրան էլ չեն հետաքրքրում, որովհետև նա իրեն համարում է գիտության բոլոր խորիմաստությունների գիտակ։ Մենք այս փաստը նշում ենք այն պատճառով, որ հետագայում Արծրունին բազմիցս հարձակվում է բարձրագույն կրթություն ունեցող հայ մտավորականների վրա՝ երբեմն նրանց տալով շատ խիստ էպիտետներ, ինչպես՝ «կրթյալ անգետներ» «դիպլոմավոր բթամիտներ» և այլն։

Նա բոլոր հիմքերն ուներ հայ մտավորականության վրա այդպես հարձակվելու համար։ «Ով սովորեցնում է ուրիշին,