Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/469

Այս էջը սրբագրված է

ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աբգար Հովհաննիսյանն այն հազվագյուտ հայ գործիչներից էր, որոնց կորուստը ընդհանուրի կորուստն է։ Իբրև անհատ նա այնպիսիներից էր, որի մահը զգալի կլիներ հայ հասարակությունից անհամեմատ բազմաթիվ և անհամեմատ բարձր կուլտուրական հասարակության համար։

Ներկա տողերը գրվում են շտապ, կորստի թարմ տպավորության տակ։ Այսօր մենք չենք խոստանում մեր ընթերցողին տալ տաղանդավոր խմբագրի, փայլուն հռետորի և բազմակողմանի հասարակական գործչի լիակատար կենդանագիրը։ Մտադիր չենք մանավանդ քննադատության բովով անցկացնել նրա գործունեությունը։ Երբ դեռ հանգուցյալի մերձավորների արցունքները չեն դադարել, երբ դեռ նրա գերեզմանի վրա հանգչող պսակների տերևները չեն թառամել, կարելի է մի՞թե սառն հոդով և անկողմնապահ քննադատել հայ գործչի երեսուն տարվա ընթացքում արածները։ Ժամանակին մենք ևս հանգուցյալի դրական կողմերի հետ մատնացույց կանենք և բացասական կողմերը։ Բայց այսօր դեռ վաղածամ է։ Հայ հասարակությունը դեռ ծանոթ չէ իր շնորհալի զավակի բազմակողմանի գործունեության հետ։

Այդ գործունեության ընդհանուր և անպաճույճ պատկերն է, որ ուզում ենք այս հոդվածով ներկայացնել «Լումա»-ի ընթերցողներին։ Մենք կթվենք Աբգար Հովհաննիսյանի արածները և այս հասարակ ցուցակագիրն անգամ, կարծում ենք, բավական կլինի նույնիսկ նրա թշնամիներին համոզելու, թե որպիսի խոշոր գործչից զրկվեց հայ հասարակությունը։ Թող ներկա համառոտ կենսագրությունը ապագա քննադատին ծառայի իբրև հում նյութ նրա անկողմնապահ ուսումնասիրության համար։ Ավելին ասելու հավակնությունը առայժմ չունինք։

Արբար Հովհաննիսյանը, որ վախճանվեց ներկա տարվա ապրիլի 15-ին Բաթումում և թաղվեց Թիֆլիսում նույն ամսի 20-ին, ծնվել է 1849 թվականի մայիսի 14-ին։ Ասել է, նա մեռավ իր հասակի այն ժամանակամիջոցում, երբ տղամարդի