Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/475

Այս էջը սրբագրված է

Աբգար Հովհաննիսյանն իր հոգու ամբողջ կազմով իսկական հայ էր և հայ էլ մնաց մինչև մահ։ Իր ցեղի արժանավորությունների հետ ուներ և նրա թերությունները։ Նա նույնպես հասարակ գերդաստանից էր և չէր կարող պարծենալ իր նախնիքների տիտղոսներով։ Բայց իր կամքի ուժով և բնական ճաշակի նրբությամբ կարողացել էր կրթել իր բնավորությունը, հեռացնել իր հոգուց ասիական կոպտությանը և դառնալ հասարակության հաճելի անդամ։

Նա այն սակավաթիվ հայ գործիչներից էր, որոնք գիտեն, ինչպես ասում է ժողովուրդը, «սևերես» չմնալ օտարների առաջ։ Ոչ ոք չգիտեր դեպքը պահանջելիս հայ անվան վարկն այնպես փայլուն ներկայացնել օտարների շրջանում, որպես նա։ Նա ընդունակ էր քչից անգամ օգտվել զարմանալի վարպետությամբ։

Նրա բնավորությունը լուրջ էր, բայց ուրախ։ Նրա վիճաբանության ձևը նուրբ էր, բայց և երբեմն թունավոր։ Նա այն անձանցից չէր, որոնք տարրական միտք հայտնելու համար խորիմաստ փիլիսոփայի քղամիդ են հագնում և մի հասարակ գաղափար արծարծելիս բառի բուն իմաստով տանջվում են։ Ընդհակառակը, նա ընդունակ էր շատ անգամ ամենալուրջ միտքն ամփոփել մի և որևէ կատակի կամ հեգնական դարձվածի մեջ։ Նա խոսքի վարպետ էր և ուներ եվրոպական հռետորի բոլոր արժանավորությունները։ Թիֆլիսի քաղաքային խորհրդատանը, որ կարող է պարծենալ շատախոս իրավասուներով, իր ավելի քան երեսնամյա գոյության ընթացքում հազիվ թե ունեցած է Աբգար Հովհաննիսյանի պես պերճախոս իրավասու։ Նրա սրամիտ դարձվածները բերանից բերան էին անցնում և դառնում ընդհանուրի սեփականություն, ինչպես հաջող ստեղծագործված մի բանաստեղծություն։ Եվ շատ անգամ նրա մի հանկարծակի արտասանած խոսքի մեջ լինում էր ավելի իմաստ, քան մի ուրիշ հռետորի երկար ճառի կամ մի որևէ ժուռնալիստի անվերջ հոդվածում։ Այս էր պատճառը, որ նա ամենուրեք ընկերական շրջանի հոգին էր և կենդանաթյունը։ Եվ իր ներկայությամբ նսեմացնում էր, հակառակ իր կամքի, իրանից շնորհալիներին անգամ։