Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/48

Այս էջը սրբագրված է

Աստվածածնա տաճարի և Լուսավորչի կառուցած մատուռի մեջ կա մի քառակուսի դատարկ տարածություն։ Այստեղ կան մի քանի գերեզմաններ։ Վանքի տիրացուն ոտը դրեց մի մոխրագույն, մամռապատ քարի վրա և ասաց.

— Կարծեմ Գուրգեն թագավորի գերեզմանն այս է։ Արձանագրություն չկար, երկար տարիների անձրևը և արևը վաղուց արդեն ջնջել էին նրան քարի մակերեսից։ Մի ժամանակ այդ բաց, դատարկ տարածության վրա եղել է մի երկկամար, հոյակապ խորան իբրև հատուկ դամբարան թագավորների և պայազատ իշխանների համար։ Այժմ չկա այդ խորանը, քանդվել և ավերվել է նա վերջին տարիները։

Անկասկած, Դավիթ Անհողի գերեզմանն էլ այստեղ է, ինչպես ասում է և Ջալալյանցը։ Բայց մենք չտեսանք։ Դավիթը, լինելով թագավոր, ոչ մի կալվածք չի ունեցել, ուստի նրան անվանել են «անհող»։

«Մեռնելուց հետո ևս, ասում է քառասնական թվականների ռուս ճանապարհորդ Մուրավյովը, մարդիկ արդարացնում են անբախտ թագավորի անհող լինելը, անհետացնելով նրա գերեզմանը»։

Տխուր տպավորության տակ դուրս եկանք ավերակների միջից, կրկին այցելելու հույսով։

9

Հնությունների մթնոլորտը մարդուն ներշնչում է մի տեսակ դառն թախծություն։ Այստեղ ամեն ինչ հիշեցնում է մարդու ոչնչությունը․ կյանքը թվում է մի կատակերգություն։ Մոռացվում են առօրյա մանր վշտերը, անցողիկ զվարճությունները, կիրքը, ատելությունը, նախանձը, փառասիրությունը․ մարդը ներկայանում է որպես մի խղճալի, ողորմելի, բոլոր արարածների մեջ ամենաթշվառ արարած։

Նայելով դարավոր փառահեղ շինություններին, մարդկային հանճարի, զգացմունքների և համառ աշխատության այդ արդյունքներին, դու, արդարև հիանում ես, քո մեջ