Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/480

Այս էջը սրբագրված է

հարձակումներին. չէ՞ որ հետո ինքը ասպարեզ եկավ յուր ամբողջ ստորագրությամբ։

Սկսվեց կատաղի ընդդիմադրություն։ Այն բոլոր անձինք, որոնք իրանց խիղճը մաքուր չէին զգում, որոնք իրավ իրանց ազգի վերաբերմամբ բարոյական ապականիչներ էին, ոտքի կանգնեցին միահամուռ։ Կամեցան տապալել Աբգար Հովհաննիսյանին։ Ապականիչներից մեկը շարադրել էր մի վերին աստիճանի անգրագետ բրոշյուր, որ չքամահրեց ուրիշների գրպանից նոր դուրս բերած ձեռով դիպչել համարձակ խմբագրի անձնական, նույնիսկ ընտանեկան պատվին։ Բայց Աբգար Հովհաննիսյանին հուսահատեցնելը հեշտ չէր։ Տեսնելով ազգային ցեցերի ամոթահար լինելը, նա թողեց հրապարակախոսական ձևը և սկսեց ֆելիետոններով ծաղակոծել նրանց։ Կատաղությունն ավելի սաստկացավ: Վերջապես, անզոր հակառակորդները տեսնելով, որ գրչով նրա դեմ ոչինչ չեն կարող անել, վճռեցին այլ կերպ իրանց ոխը հաներ։ Դրա համար ընտրեցին այն միակ միջոցը, որին ընդունակ էին տալ նրան նյութական հարված։ Շուտով պիտի տեղի ունենային Աբգարի ընտրությունները իբրև դիրեկտորի։ Հակառակորդները խոսք մի արին նրան սևացնելու։ Բայց այս էլ չհաջողվեց։ Աբգար Հովհաննիսյանի վարկը շատ մեծ էր Թիֆլիսում։ Նրան տապալելը հեշտ չէր։ Վերջապես, հակառակորդները հաղթահարված ետ քաշվեցին կռվի ասպարեզից, վախենալով այն էլ կորցնել, ինչ որ ունեին։

«Արձագանք»֊ը շարունակում էր պահպանել «Փորձ»-ի սկզբունքը՝ գրականական աշխատավորներին վարձատրելու և պահեց մինչև վերջը։ Երբ Րաֆֆին հեռացավ «Մշակ»֊ից և մի քանի տարի լռելուց հետո նորից սկսեց գրել այս անգամ «Արձագանք»֊ում, Աբգար Հովհաննիսյանի նյութական վիճակն արդեն քայքայված էր։ Նա չուներ միջոց յուր ուզածի չափ վարձատրելու հեղինակավոր վիպասանին, բայց և այնպես նշանակեց ավելի տողավարձ, քան երբևէ ստացել էր Րաֆֆին։

Աբգար Հովհաննիսյանի վառվռուն բնավորությունը սիրում էր փոփոխություններ։ Նա «Արձագանք» շաբաթաթերթը դարձրեց պատկերազարդ և դարձյալ ահագին նյութական վընաս