Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/481

Այս էջը սրբագրված է

վնաս ունեցավ։ Ապա թույլատվություն ստացավ օրաթերթ դարձնելու և 1891 թվականից սկսեց լույս ընծայել շաբաթը երեք անգամ։

Բայց բավական է «Արձագանք»֊ի մասին։ Թողնենք ուրիշներին և դառնանք Աբգար Հովհաննիսյանին։

Իբրև հասարակական գործիչ Աբգար Հովհաննիսյանը ռուսահայերի մեջ չուներ նախորդը, չունի առայժմ և հաջորդը յուր անզուգական աշխուժությամբ, եռանդով և վարած պաշ¬ տոնների քանակությամբ ու բազմատեսակությամբ։

Երեք անգամ նա ընտրվել է պատգամավոր Վեհափառ Հայրապետների ընտրություններին, երկու անգամ Թիֆլիսի թեմից, մի անգամ Բրուսայի և Եգիպտոսի հայերի կողմից։

Նա երկու անգամ ներկա է եղել Արևելագետների համաշխարհային ժողովներին Ստոկհոլմում և Միլանում։

Նա տասնվեց տարի շարունակ վարել է Ներսիսյան հոգևոր դպրանոցի հոգաբարձուի պաշտոն, միշտ գլխավոր ղեկավարողի դերը կատարելով։ Նա եղել է հոգաբարձու և խնամակալ Գայանյան օրիորդաց դպրոցի՝ երկար տարիներ, և մի տարի միայն Հովնանյան ուսումնարանի։

Մոտ քսան տարի նա եղել է Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի իրավասու, մասնակցելով քաղաքի բոլոր ֆինանսական խնդիրներում և, վերջապես, հիվանդության պատճառով հրաժարվել է պաշտոնից։

Նա եղել է Թիֆլիսի Հայոց Հրատարակչական ընկերության վարչության անդրանիկ նախագահը։

Կից այս բոլոր պաշտոններին և յուր խմբագրական ծանր աշխատություններին, Աբգար Հովհաննիսյանը ունեցել է և ուրիշ ոչ պակաս օգտավետ պարապմունքներ։ Ութսունական թվականների վերջերին նա գերմանացի Արթուր Լայստի աշխատակցությամբ սկսում է գերմաներեն լեզվով Լայպցիգում հրատարակել հայտնի «Armenische Bibliotegue»-ը, որի նպատակն էր Գերմանիային ծանոթացնել հայ վիպասանության և հայ բանաստեղծության հետ։ Տասնմեկ հատորներ հրատարակելով, որոնց մեջ մտել են Պատկանյանի, Րաֆֆիի, Պռոշյանցի ընտիր երկերը, Աբգար Հովհաննիսյանը մտադիր էր թարգմանել ու հրատարակել նոր հեղինակներից