Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/490

Այս էջը սրբագրված է

մանուկների, ծերերի, կանանց գլուխներին, Անմիջապես խանութները փակվում են, տների դռները կողպվում, ձիաքարշը դադարում է երթևեկել, կառքերն անհետանում են։ Փակվում են և բանկերը, Քաղաքային վարչությունը և ուրիշ շատ հիմնարկություններ։ Փողոցները հանձնվում են կատաղի և ֆանատիկոս խուժանին։ Կոտորածը, ավելի ու ավելի սաստկանալով, հասնում է ծայրահեղության։ Փողոցները ծածկվում են դիակներով։ Թուրքերը ձիավորներ են ուղարկում մերձակա գյուղերը, օգնություն պահանջում։ Գալիս են «Բերդանկա» Հրացաններով զինված թուրքեր Բալաջարի, Սաբունչի, Ռամանի և այլ գյուղերից։

Այժմ, երբ եղելության մանրամասնություններն սկսվում են պարզվել, գրեթե բոլոր հայերը միաբերան պնդում են, որ Բաքվի կոտորածում գլխավոր դեր կատարողները եղել են Հենց գյուղերից եկածները։ Քաղաքի թուրքերը ահագին մեծամասնությամբ ավելի պաշտպանել են հայերին, քան կոտորել․․․ Քաղաքի Շամախինկա և Չեմբերքենդ մասերի հայերը, որ մեծ մասամբ կենում են թուրքերի տներում, իրանց տնատերերից հանդիպել են մեծ պաշտպանության։ Եվ այսպիսով շատ անպաշտպան ընտանիքներ են փրկվել խուժանի կատաղությունից։

Երկուշաբթի առավոտից մինչև երեկո շարունակվում են կոտորածը, կողոպուտը, հալածանքը։ Սկսվում են հրդեհներ։ Քաղաքի կենտրոնում այրվում են «Ֆանտազիա» բազնիսը և շատ խանութներ ու տներ։

Ի՞նչ է անում ոստիկանությունը։ Ոչինչ։ Նա անզոր է հենց առաջին օրից։ Պատմում են, որ հենց առաջին օրից շատ ոստիկաններ նկատվել են առանց սովորական ռևոլվերների։ Իսկ ի՞նչ է անում ռուսաց քաջ զորքը, հարյուրավոր կոզակները և հազարավոր Հետևակ զորքը։ Նա լուռ, անգործ և անտարբեր ականատես է կանանց և երեխաների սրախողխող լինելուն, տների այրվելուն, ծերերի աղերսանքին։ Որովհետև զորքը պաշտոնական հրաման չունի խուժանի կատաղությանը զենքով դիմադրելու։ Նահանգապետ իշխ. Նակաշիձեն մի խումբ կոզակների օգնությամբ դպրոցներից աշակերտներին ուղեկցում է իրանց տները։ Բայց ոչ ամենինչ