Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/491

Այս էջը սրբագրված է

ամենքին, որովհետև ժամանակ չկա... Մեծամասնությունը մնում է դպրոցներում, շատերը երեք օր, մինչև կոտորածի վերքը։

Գիշերն անցնում է համեմատաբար խաղաղ։ Բայց այդ ի՞նչ խաղաղություն է։ Ամբողջ քաղաքը սղի մեջ է։ Քնի-քանի ընտանիքներ արդեն կորցրել են իրենց կերակրողներին, քանի մայրեր զրկվել են զավակներից, քանիսի վիճակը դեռ անորոշ է։ Մի մայր կորցրել է բոլոր զավակներին և խելագարված ընկել փողոցները։ Գազանների գնդակը թավալում է նրան գետին։ Մի պատանու մորն ու քրոջը մերկացրել են և ստիպել փողոցում պարել և պարելու միջոցին նրանց մարմինները ծակծակոտել դաշույններով մինչև մահ։ Պատանին սարսափից և վշտից խելագարվել է։ Նա վազելով փողոցներում, գոռում է. «Վրեժ, վրեժ, ես ոչ ոքից չեմ վախենում, ես վրեժ կառնեմ, ես ռումբ ունիմ»։ Եվ գրպանից հանելով մի փորթուգալ, ցույց է տալիս անցորդներին։ Մյուս օրը նա փախչում է Բաքվից Թիֆլիս։ Կսկծալի տեսարան, որի առջև աղոտանում է հուգենոտների աղետը։

Մեր ձեռները կաշկանդվում են, անկարող ենք մի առ մի նկարագրել բոլոր տեսարանները։ Հայ թղթակիցները հավատացնում են, թե մի հրեա փողոցում տեսնում է մսի մի կտոր։ Մոտենում է և ի՞նչ է այդ, մի կնոջ ծիծ։ Մի ուրիշ ականատես նկարագրում է մի հղի կնոջ, որի արգանդը դաշույնով պատռել են գազանները և երեխային հանել սրի ծայրով, դեն ձգել։ Եվ մենք ապրում ենք քսաներորդ դարում, քաղաքակրթված պետության հովանավորության տակ, և այդ բոլորը կատարվում է մի մեծ նահանգական արդյունաբեր հարուստ քաղաքում, ոստիկանության և հարյուրավոր ու հազարավոր զինվորների աչքերի առջև։

Ահա ինչպես են նկարագրում ականատեսները երկու հարուստ և հայ ընտանիքների կործանումը՝ Բալա-Բեգ Լալայանի և Ալեքսանդր Ադամյանի։

Բալա-Բեգ Լալայանը յուր եղբոր, կնոջ և փոքրիկ զավակների հետ կենում էր քաղաքի «Շամախինկա» թաղում։ Թուրքերը հարձակվում են նրա տան վրա։ Նա դիմում է