քովը գտնված 10000 ռուբլին և խոստանում է վաղը տալ մի այդքան էլ, միայն թե ձեռք չտան իր ընտանիքին և իրան, Թուրքերը փողերը խլում են, Լալայանին իր կնոջ և եղբոր հետ քաշում են փողոց և այնտեղ, կոզակների ներկայությամբ, սպանում։
Այդ միջոցին անձնվեր ռուս աղախինը, մի ռուս ընտանիքի օգնությամբ, Լալայանի զավակներին ազատելով, փախցնում է։
Այսպիսի անձնվեր ռուս կանայք շատ են եղել Բաքմի աղետալի օրերին։ Նրանք պատիվ են բերում իրանց ազգին և արժանի են անմահության։ Քանի֊քանի ընտանիքներ, ընդհանուրի վկայությամբ, փրկվել են կոտորածից և սովից նրանց շնորհիվ։ Հայը երբեք չի մոռանալ այդ հերոսուհիների երախտիքը։
Բայց շարունակենք մեր ողբերգը։ Ավելի սոսկալի է Ա. Ադամյանի մահը։ Ահա ականատեսների խոսքերը, որ առաջ ենք բերում մասամբ լրագիրներից և մասամբ մեր լսածներից։
Ալ. Ադամյանը կենում էր յուր ընտանիքով քաղաքի կենտրոնում հայոց եկեղեցուց ոչ այնքան հեռու մի երկհարկանի տանը։ Կոտորածի երկրորդ օրը նրա երկու որդիները լինում են գիմնազիայում, իսկ տանը ինքը, յուր գեղեցկուհի կինը և 13 տարեկան որդին։
Ադամյանը հայտնի էր իբրև անվախ որսորդ և անվրեպ հրացանաձիգ, նույնպես և նրա 13 տարեկան որդին։ Փակված տան վերին հարկում, նա մի անգամ հետաքրքրված բաց է անում լուսամուտի փեղկը և տեսնում է, որ թուրքերի մի ահագին խումբ դիմացի տնից դուրս է ձգել մի հայ կնոջ դիակը և մի գեղեցիկ հայ օրիորդի (Ասլանյան) առևանգած տանում են։
Քաջի սիրտը չի դիմանում վայրենի տեսարանին։ Նա հրամայում է որդուն բերել յուր հրացանները, և հայր ու որդի սկսում են հրացանաձգություն։ Թուրքերը սարսափած տեսնում են, որ մեկը մյուսի ետևից գետին են թավալվում իրանց ընկերները։ Հարձակվում են Ադամյանի բնակարանի