ականատեսներց հրաշքներ են պատմում այդ քաջերի մասին։ Առաջին թափով նրանք կոտորում են մի քանի տասնյակ թուրքեր և սարսափ ձգում նրանց մեջ։ Նրանց ոչ մի գնդակը, ոչ մի դաշույնի հարվածը չի վրիպում, մինչդեռ շվարած թուրքերի քսան հարվածից հազիվ մեկն է հասնում նպատակին։ Կտրիճների խումբը արագությամբ գրավում է քաղաքի կենտրոնական փողոցները և պահակների խմբեր դնում անկյուններում։ Օգնության են հասնում տներում փակված սովատանջ ընտանիքներին, հաց մատակարարում, ուղեկցում են ցանկացողներին դեպի երկաթուղու կայարանը, միջոց տալով նրանց դժոխքից փախչելու։ Քիչ չի եղել կտրիճների թիվը, բայց նրանց մի չնչին մասն է զենք ունեցել։ Մինչդեռ գրեթե ամեն թուրք զինված է եղել նորագույն սիստեմի և նոր ռևոլվերով, իսկ շատերը «բերդանկաներով»։
Երևի, գաղտնիքը կպարզվի մի օր, թե որտեղից և ումից են ձեռք բերել նրանք այդ արգելված զենքերը։ Բոլոր ականատեսները միաբերան հաստատում են, որ գոնե առաջին երկու օրը կոտորածի՝ ոստիկանները աշխատել են հայերին զինաթափ անել, իսկ թուրքերին անխռով թողել են կրել նույնիսկ պետական սիստեմի հրացաններ։
Ինչու՞։ Երկյուղի՞ց, թե՞ մի ուրիշ անբացատրելի հանգամանքից դրդված։ Հասարակությունը, առանց ազգերի խտրության, այժմ ամեն ջանք գործ է դնում, որ այս գաղտնիքը լուսաբանվի։ Բաքվի նահանգական դատարանի դատախազը դիմել է լրագրների խմբագրություններին, որ իրան ներկայացնեն այն բոլոր գրավոր տեղեկությունները, որոնք «այս կամ այն պատճառով չեն կարող տպագրվել»։ Նա ազդարարում է, թե անկողմնապահ քննության համար պիտի հարցուփորձ անի բոլոր ականատեսներին։ Հարկավ, այս կլինի միայն սկզբնական քննություն, ապա կսկսվի իսկական և ավելի բարձր մի պաշտոնական մարմնի միջոցով։ Խնդիր է հարուցված, որ քննիչ մասնաժողովի նշանակվի բարձրագույն իշխանությունից Պետերբուրգում,[1] որ քննությանը մասնակցեն քաղաքային խորհրդի,
- ↑ Արդեն սենատոր Կուզմինսկին նշանակված է քննիչ։