Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/500

Այս էջը սրբագրված է

դավանությունների մուսուլման հոգևորականության ներկայացուցիչներ, իսկ երրորդ հոգեհանգստին նաև վրաց հոգևորականությունը։

Վեհափառ Հայրապետը Թիֆլիս ժամանեց կիրակի, փետրրվարի 13-ին, և երկրորդ ու երրորդ հոգեհանգիստներին ներկա եղավ, չնայելով յուր ծանր հիվանդությանը։

Կառավարչապետի բարեսիրտ պաշտոնակատար գեներալ Մալաման, պ. Վերմիշյանի երաշխավորությամբ, թե կարգը չի խանգարվիլ, պատվիրել էր, որ ոստիկանությունը ներկա չէին ի հանդեսներին։ Եվ կարգապահությունը օրինակելի էր այդ երեք օրը։ Բոլոր ազգություններից և դասակարգերից բաղկացած ահագին բազմությունը այդ օրերը ցույց տվեց չտեսնված և չլսված օրինակ։ Ո՞վ կարող էր երևակայել այդպիսի խաղաղ, վեհ և խորհրդավոր տեսարան «վայրենի» համարված Կովկասում։ Տեսարանները խրատական էին ամենից առաջ այն տարրի համար, որ ինքը լինելով վայրենի, մեզ է համարում վայրենի։

Պատարագից հետո հոգևորականությունը դուրս եկավ Վանքի գավիթը։ Այդ միջոցին առաջնորդարանի դռների առջև երևաց Վեհափառը կորամեջ, ընկճված։ Նա շրջապատվեց մուսուլման հոգևորականության պատկառելի ներկայացուցիչներով։ Ամբոխի մարմնով անցավ սարսուռ։ Տիրեց սրբազան լռություն, չնայելով ընդհանուր վշտին ու վրդովմանը։ Իսկ պարզ երկնքից անտարբեր արեգակը սփռել էր յուր ջերմ ճառագայթները պատմական տեսարանի վրա։ Տասնյակ հազարավոր ամբոխի հայացքը ուղղված էր դեպի ալեզարդ Վեհափառը և նրա շուրջը հավաքված նույնպես ալեզարդ մուսուլման հոգևորականները։ Պարզ էր, որ Բաքվի աղետը համահավասար վշտացրել էր ամենքին։

Ավելի հանդիսավոր և բազմամարդ էր վրացի աշակերտների ցանկությամբ կատարված հոգեհանգիստը։ Նույն ոգևորությունը, նույն տեսարանը, նույն իդեալական կարգապահությունը։ Վրացիները արտասանեցին մի շարք զգացված ճառեր, որոնք ընդունվեցին բուռն ծափահարություններով։ Հայերը