Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/504

Այս էջը սրբագրված է

տպագրում են նրանց ցուցակը։ Հայ զոհերի թիվը քաղում են եկեղեցական գրքերից, թուրքերինը և ուրիշ ազգություններինը՝ պաշտոնական տեղեկություններից։ Վեհ. Հայրապետի Բաքու ուղարկած եկեղեցական պատգամավորների տեղեկություններից երևում է, որ մինչև այժմ թաղված են 193 հայ, որոնցից 7 կին, վերջիններս բոլորն էլ այրված։ Այրվածների մեջ ամենամեծը 70 տարեկան է և ամենափոքրը 10 ամսական։ Սպանվածներ են մեծագույն մասամբ մշակ դասից, այրված, քանդված և հափշտակված են 51 տուն և խանութ։ Վիրավորված են 90, որոնցից այժմ մնում են 67 հոգի։

Բաքուցիների մեծամասնությունը պնդում է՝ հայ սպանվածների թիվն 200-ից ավելի չէ, նույն չափ եթե ոչ ավելի վիրավորվածներ, իսկ թուրք սպանվածները գուցե նույնչափ, գոնե ոչ պակաս 120 հոգուց, նաև վիրավորածները ոչ պակաս այս թվից։ Կան մարդիկ, մանավանդ թուրքերից, որոնք պնդում են, թե թուրքերից ավելի են սպանված՝ քան հայերից։ Վիրավորված կամ սպանված են նաև ռուսներից մոտ 30 հոգի, վրացիներից՝ մոտ 20։ Ուրեմն, պիտի զգան թուրքերը, որ նրանց կատարած գործը համահավասար վնաս է տվել թե՛ մեզ և թե՛ իրանց։ Ինչ անմիտ և վայրենի գործ, որին նրանք ծառայեցին անգիտակցաբար։

Մենք քրիստոնեաբար ներում ենք մեր հարևաններին իրանց մոլորությունը, ինչպես և նրանք պիտի ներեն մեզ։ Մենք մազի չափ չենք մեղադրում նրանց նույնիսկ այրված մանուկների և հղի կանանց հոշոտված մարմինների առջև։ Հայերը երեխաներ չեն այրել, հղի արգանդներ չեն պատառոտել դաշույններով։ Նրանք միայն պաշտպանվել են։ Պատիվ նրանց։ Պատիվ և թուրքերի այն մեծամասնությանը, որ պաշտանել են անպաշտպան հայ ընտանիքներին և անմիջապես միջոցներ ձեռնարկել խաղաղությունը վերականգնելու։

Բաքուն այժմ գրեթե կիսով չափ դատարկվել է հայերից։ Հայերը թողնում են թուրքերի տները և տեղափոխվում քրիստոնյաների տները։ Առուտուրը գրեթե կանգ է առել, նավթային արդյունաբերությունը միլիոնների վնաս է կրում, քաղաքը դարձել է զորանոց և ենթարկվեի պատերազմական դրության անողոք օրենքներին։ Ահա անմիտ կոտորածի հետևանքը։