Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/51

Այս էջը սրբագրված է

Քառորդ ժամու չափ մենք գնում էինք վարելահողի տափարակ դաշտով։ Հանկարծ մեր ուղիղ ճանապարհն ընդհատվեց. հասել էինք Սևորդյաց ձորի ծայրը, որի տեսությանը վաղուց փափագում էինք։ Դա է այն պատմական վայրը, որ մի ժամանակ Անիի գաղթական հայերին ծառայել է իբրև ապաստան։

Այդ գաղթականները նախ գնացել էին Կասպից ծովի ափը, բայց այնտեղ, հաճախակի ենթարկվելով մազքթների, ալանների և լեզգիների հալածանքին, չեն կարողացել երկար մնալ, տեղափոխվել են Գուգարաց աշխարհը և բնակություն հաստատել հիշյալ ձորում, որի անմատչելի խոռոչները առժամանակ ազատ են պահել նրանց թշնամիների արշավանքներից։

Ջալալյանը ենթադրում է, որ այդ գաղթականները, Ալանաց երկրի տոթից սևացած լինելով, անվանվել են «Սևորդիք»։ Նույն անունով կոչվել է և ձորը։ Բայց ավելի հավանական է հին պատմիչների խոսքը, թե «սևորդիք» անունը սկիզբ է առել գաղթականների գլխավորից, «սևամորթ» Գևորգից։

Այժմ Սևորդյաց ձորը ամայի է. բնակչություն չկա այնտեղ, երևում են միայն մի գյուղի ավերակներ. իս սևորդիներից տակավին մնում են Սանահնում մի քանի ընտանիքներ։

Մեր առջև բացվեց մի խորին անդունդ, որի հատակում հազիվ երևում էր Դեբեդայի փրփրալից մակերեսը։ Պիտի իջնեինք այս անդունդը։ Նայելով ահռելի ժայռի ահագին բարձրությունից դեպի վար, մարդու գլուխը պտտում է, աչքերը մթնում են. անհնարին է թվում, թե կարելի լինի վիթխարի պատի նման գրեթե բոլորովին ուղղահայաց այդ բարձրությունից ցած իջնել։ Սակայն անհրաժեշտության оրենքը զորավոր է, քրտնաջան գյուղացին ստիպված է եղել երթևեկել այնպիսի տեղերով, որոնք միայն թռչունների թռիչքին են մատչելի։ Նա բարձրագագաթ ժայռի կրծքում բաց է արել մի նեղ, ապառաժյա շավիղ, որի լայնությունը տեղ-տեղ հազիվ մի թզաչափ է։

Եվ այս շավղով մենք, անփորձ քաղաքաբնակներս,