Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/513

Այս էջը սրբագրված է

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈԻԹՅՈԻՆ

Հասարակական երևույթները Ռուսիայում ներկայումս այնչափ արագ և երբեմն անսպասելի են հաջորդում միմյանց, որ գրեթե անհնարին է կանոնավոր հետևել նրանց ընթացքին և զարգացմանը։ Օր չի անցնում, որ մի որևէ կարևոր խնդիր չհուզի հասարակությանը և ստիպի նրան լարել յուր ուշադրությունը։ Քսանուհինգ տարի շարունակ թմրած կյանքն արթնացել է և արտահայտում է յուր օրգանական պահանջները այնպիսի ջղաձգումներով, որոնց երբեք չի տեսել Ռուսhան։

Ռուս-ճապոնական պատերազմը, որպես գրում են մինչև անգամ պահպանողական ռուս թերթերը, երևան հանեց տիրող ռեժիմի բոլոր թերությունները և լուսաբանեց պետության և ռուս ժողովրդի կանոնավոր առաջադիմության ճանապարհին ցիրուցան սփռած բոլոր խոչընդոտները։ Ներկայումս մենք վկա ենք մի այնպիսի հասարակական խոշոր շարժման, որպիսին տեղի է ունեցել Ռուսաստանի կյանքում ամբողջ տասնուիններորդ դարի ընթացքում միայն հիսնական թվականներին՝ Սևաստոպոլի պաշարման և Ռուսիայի պարտությունից հետո։ Տարբերությունն այն է, որ այժմյան շարժումը ավելի խոշոր խնդիրներ է ասպարեզ հանում և ավելի մեծ պետական նշանակություն ունի։ Եթե Ղրիմի պատերազմից հետո ռուս պետությունը անմիջապես ձեռնարկեց տիրող օրենքների մի քանի կետերի փոփոխությանը, այժմյան պահանջները վերաբերվում են ամբողջ ռեժիմին և ամբողջ օրենսդրությանը։ Ճորտերի ազատություն, ղեմստվոների կազմակերպություն, կանոնավոր դատարաններ, քաղաքային խորհուրդ—ահա այն մեծ վերանորոգությունները, որ կատարվեցին Ռուսիայի կյանքում՝ Ղրիմի պատերազմից հետո։ Լավատես հասարակական գործիչները և հրապարակախոսներն այժմյան շարժումից սպասում են ավելի լուրջ փոփոխություններ։ Փետրվարի 18-ի կայսերական ռեսկրիպտը, հանուն ներքին գործոց մինիստրի բավական որոշ կերպով շեշտում է, որ հիրավի այդ փոփոխությունները կլինեն ավելի