Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/514

Այս էջը սրբագրված է

լուրջ, քան անցյալ դարի հիսնական—վաթսունական թվականների վերանորոգումները։

Այս ռեսկրիպտով, ինչպես և փետրվարի 16֊ի կայսերական հրովարտակով, իրավունք է արվում ոչ միայն հասարակական օրգաններին, այլ նույնիսկ մասնավոր անհատներին արտահայտել իրանց անկեղծ կարծիքները պետության բազմատեսակ պահանջների մասին և ցույց տալ միջոցներ նրա բազմաթիվ ցավերը բուժելու համար։ Եվ ահա լայնածավալ Ռուսիայի բոլոր ծայրերից և խորշերից ուղարկվում են դեպի գահույքի բարձրությունը տարբեր ազգերի, դասակարգերի և շրջանների ցանկությունները, որոնք իրանց պես֊պես ձևերի մեջ պարունակում են մի ընդհանուր ուղղություն, ընդհանուր պահանջ, այն է՝ փոխել վարչական սիստեմը երկրի, որ թե տեսականապես և թե երկար տարիների դառն փորձերով հիվանդ է ճանաչված, նաև վնասակար անպայման։ Այսպես է թելադրում ինքը կյանքը, բնությանը և պետության հարատև ու ապահով գոյության պայմանը։

Ռուս ժողովրդի տնտեսական և բարոյական կարիքների գլխավոր արտահայտիչներն են բուն ժողովրդի կողմից այսպես անվանված համայնքները— (Զեմստվո) քաղաքային ազգաբնակությունների կողմից՝ Քաղաքային խորհուրդները։ Հպատակ ազգությունների փաստաբաններն են իրենց մտքի, խելքի և գիրքի ներկայացուցիչները։ Լեհացիներն արդեն ներկայացրել են իրանց կարիքների ամփոփ ծրագիրը, վրաց ազնվականությունը յուր ժողովրդի պահանջների ցուցակը, ֆինլանդացիք նույնպես։ Անշուշտ հայերն էլ, օգտվելով նորին կայսերական մեծության տված իրավունքից, ետ չեն մնա ուրիշ ազգություններից։ Եվ հայերի ցանկությունները, հարկավ, իրանց բնորոշ մանրամասնություններով հանդերձ, անտարակույս ոչնչով չեն հակասի ամբողջ Ռուսիայի պահանջների ընդհանուր ոգուն։

Ռուս-ճապոնական պատերազմը, որն այնքան տխուր և անհաջող եղավ Ռուսիայի համար, պատմության մեջ կկազմի վերին աստիճանի խրատական մի բաժին, այն տեսակետից, թե որքան մի պետության ներքին կյանքը ներգործություն անի