Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/515

Այս էջը սրբագրված է

արտաքին քաղաքականության աջողության կամ անաջողության վրա։ Այն բազմաթիվ հոդվածները, բրոշյուրները, գրքերը, որ երևան եկան այս մի տարի ու երկու ամսվա ընթացքում միաձայն ապացուցանում են, որ ռուս զորքի անվերջ անհաջողությունները և ռուս դիպլոմատիայի տկարությունները ներքին տկարությունների անմիջական հետևանքներն են։ Ռուս զինվոր միշտ քաջ է եղել և քաջ էլ կմնա, այո մասին երկու կարծիք չկա, այս կետում Ռուսիայի բարեկամների հետ համամիտ են և նրա ամենաոխերիմ թշնամիները։ Սակայն ռուս զինվորի այժմյան հոգեկան պահանջներն ավելի բարդ են, համեմատաբար, քան քսանուհինգ տարի սրանից առաջ, երբ նա կուրորեն վազում էր տաճիկ զինվորի դեմ և յուր հաղթական թուրը շողշողեցնում նրա գլխին։ Քսանուհինգ տարվա ընթացքում նրա հոգին ենթարկվել է յուր հայրենիքում այնպիսի հեղաշրջումների, որոնք, մի կողմից, նրա միտքը ձգել են լուսաշողք, մյուս կողմից՝ նրա հոգուն ներշնչել են թերահավատության պես մի բան։

Այժմյան ռուս զինվորը, մանավանդ ռուս սպան, ի պատիվ յուր պատերազմից պահանջում է իմաստ և արդարացուցիչ փաստեր։

Ռուսիայի ներքին նահանգներում ծագած շարժումը բնականաբար արձագանք պիտի գտներ և պետության ծայրերում։ Այս կողմից Կովկասն էլ ետ չմնաց։ Անցյալ անգամ մենք նկարագրեցինք հարյուր հազար բնակիչ ունեցող Գուրիայի մեջ եղած խառնակությունները։ Նույնանման խառնակություններ ծագել են այժմ և Քութաիսի նահանգի ուրիշ կողմում, նաև Թիֆլիսի նահանգում։ Առանձնապես աչքի է ընկնում Գորու գավառի գյուղական ազգաբնակության լայնածավալ շարժումը։ Թիֆլիսի ռուս լրագրների հաղորդած կցկտուր տեղեկություններից կարեԼի է եզրակացնել, որ այդ գավառում ամեն ինչ տակն ու վրա է լինում այժմ։ Անհաշիվ սպանություններ, կողոպուտներ, հրդեհներ, ամբոխային հարձակումներ հաջորդում են միմյանց այնպիսի արագությամբ, որ անկարելի է մի առ մի արձանագրել։ Գյուղացիները այրում են կամ քարուքանդ անում կալվածատերերի տները, սպանում են պետական պաշտոնյաներին, վռնդում