համեմատաբար, լուսավոր վայր, ուր նրանք պիտի վայելեն բնությունից իրանց սահմանված իրավունքներն ու բարիքները։ Եվ այդ հեղեղին այսօր ակամա անձնատուր են լինում մեկը մյուսի ետևից նույնիսկ նրանք, որոնք եղել են միշտ նրա դեմ պատվարներ։
Այո, Ռուսիայի հարյուրավոր տարիներ անշարժ կյանքի այժմյան փոթորիկը և՛ ուրախալի է, և՛ սոսկալի։ Երբ մարդ փոքր֊ինչ ուշադիր հետևում է ռուս մտքի այժմյան արտահայտությանը, անկարող է զսպել յուր զարմացումը։ Լսում ես ազատամիտ դատողություններ այնպիսի բերաններից, որոնք մինչև այժմ հետադիմության, խավարի և անշարժության փաստաբաններ են եղել։
Ռուս մտքի արտահայտիչ տարրերը — դրականությունը, պարբե րա կան մամուլը և հասարակական հաստատությունները երբեք չեն փայլել իրանց քաղաքացիական համարձակությամբ։ Երկաթե ձեռներով ճնշված՝ նրանք միշտ եղել են խեղճ և ողորմելի, կարող ենք ասել, առանց որևէ բացառության։ Մամուլի նույնիսկ անկաշառ համարված օրգանները դեռ անցյալ տարի ցույց էին տալիս մտավախության այնպիսի եղկելի օրինակներ, որոնցից զգայուն մարդու սիրտն էր պղտորում։ Եվ երբ մեզ ասում էին, թե այսինչ լրագիրը կամ ամսագիրը համարձակ է և անկեղծ, մեզ թվում էր, թե դա մի կծու հեգնություն է ռուս մամուլի վերաբերմամբ։ Բյուրոկրատիայի ճնշող ձեռքը բոլորի կոկորդը սեղմել էր։ Բավական է ասել, որ «Русск вед.» նման պարզ, ակադեմիական մի օրгան համարվում էր ազատամիտ յուր մաղձ շարժող օլիմպիական սառնությամբ։ Բավական է ասել, որ ռուս հասարակության լուսամիտ համարված դասի համար երկնային մանանա էր մի որևէ ազատամիտ կոչված լրագրում կարդալ որևէ մութ ակնարկ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության այս կամ այն սխալի մասին։ Ակնարկը ձեռք֊ձեռք էր անցնում, և նրա հեղինակը կամ հրատարակող օրգանը քիչ էր մնում հերոս հռչակվեր։
Այսքան ողորմելի և խղճալի էին դեռ մինչև վերջին ամիսները ռուս գրականությունը և ռուս մամուլը յուր մտավախությամբ։