Այսօր նկատվում է հակառակը։ Այսօր համարձակություն են ստացել պարզ և դրական ոճով խոսելու ոչ միայն նրանք, որոնք վաղուց կարոտ էին զգում այդպես խոսելու, այլևս նրանք, որոնք դեմ էին ամեն մի ազատ խոսքի։
Ահա տասնյակ տարիներ է մտքի ամեն մի թռիչք սպանող սառն Պետերբուրգում հրատարակվում է «Свет» (լույս) անունով մի թերթիկ, որ, չնայելով յուր անվանը, եղել է ամենախավար գաղափարների քարոզիչ։ Նրա խմբագիրն է ոմն Վ. Վ. Կոմարով։ Այդ միևնույն մարդը հրատարակում է և մի ամսագիր «Русский вестник» անունով, որ նույնչափ լուսավոր է, որչափ և հիշյալ «Լույս» լրագիրը։ Տարիներ անընդհատ այդ տխրահռչակ հերոսը հալածել է բոլորը, ինչ որ եղել է բարի, լուսավոր, հառաջադեմ։ Նա հալածել է հայերին, լեհացիներին, ֆինլանդացիներին, հրեաներին համարել է նենգամիտ, խարդախ, դավաճան։ Նա հալածել է և յուր ազգի ազնիվ զավակներին։ Եվ միայն մի սրբություն է ունեցել — բյուրոկրատիան և նրա միջնադարյան քաղաքականությունը։
Այժմ այդ մարդն էլ է փոխել լեզուն և սկսել է խոսել յուր համար անսովոր ոճով։ Հարձակվելով ռուս բյուրոկրատիայի վրա, Կոմարովն յուր ամսագրի վերջին համարում «Hовое время» լրագրի խավարամոլ աշխատակիցներից մեկի՝ Նիկոլայ էնգեյլհարդի բերանով դատապարտում է կծու լեզվով կառավարության «համառ սխալները», կույր» «նյութում նյութամոլությունը» և «իսկական սլավոնական անհեռատեսությունը»։ «Ռուս կառավարությունը, ասում է ամսագիրը, չի հոգացել յուր կողմը գրավել հասարակական կարծիքը, նա միայն և միմիայն հենվել է, մի կողմից, ֆիզիկական ուժի, մյուս կող֊մի՝ ռուս հասարակ ժողովրդի տարերային հավատարմության կամ ավանդական իշխանությանը հպատակվելու կույր սովորության վրա։ Նա հրել է իրանից երկրի բոլոր ազատ մտածող մարդկանց, արգելել է նրանց հրատարակությունները, գոռոզությամբ յուր բոլոր արարքներով հայտնի է, թե պետական կյանքի և գործունեության համար բնավ հարկավոր չէ ազգային հանճարի ազատ միտքը, այլ բավական է միայն․․․ կանցելարիան»։