Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/530

Այս էջը սրբագրված է

Եվ, իսկապես, նա, որ գաղիս է այստեղ հատկապես զվարճանալու, ունի իրավունք կարծելու, թե փարիզցիները ստեղծված են աշխարհի բոլոր կողմերից դիմող մարդկությանը հաճույքներ մատակարարելու համար։ Նրան շփոթեցնում են քսանուվեց մեծ և երկու այդչափ փոքրիկ թատրոնները, հարյուրավոր կազիոնները, զբոսավայրերը, զվարճարանները, տասնյակ թանգարանները, հազարավոր կաֆեները և այլն, որոնք առավոտից մինչև երեկո և երեկոյից մինչև կեսգիշեր լեցուն են։ Մարդիկ ուտում են, խմում, զվարճախոսում, պարում, երգում և միշտ ուրախ միշտ զվարթ և անհոգ։ Կարծես այդ մոտ չորս միլիոն ժողովուրդը ոչ զբաղմունք ունի, ոչ վիշտ։ Կարծես, Ֆրանսիայի կապուտակ երկինքը՝ գործարանների կինամոնագույն ծխի միջոցով իր բարի տուրքն է սրբում և չի թողնում այդ բախտավորներին խորասուզվել տնտեսական մաշող հոգսերի մեջ։

Բայց իրոք այդպես չէ։ Հենց առաջին շաբաթից ինձ զարմացրեց մի բան, որի մասին ես չէի լսել իմ ծանոթներից մինչ այն ժամանակ, այն է՝ բուն փարիզեցիների վերին աստիճանի աշխատասիրությունը, որ հասնում է չարքաշության, իմ բնակարանը գտնվում է լատինական թաղի կենտրոնում։ Փարիզում բնակվում են մեծ մասամբ նկարիչներ, անդրիագործներ։ Դրանք են ներկայացնում լատինական թաղի զարդը՝ բարոյական կողմից։

Ահա ես ամեն օր դիտում եմ լուսամուտից հարևաններիս կյանքը։ ինձնից ներքև, առաջին հարկում կենում է մի երիտասարդ անդրիագործ։ Որքան ևս վաղ զարթնեմ, առավոտը ես նրան տեսնում եմ իր գործին և երբ որ ես անցնեմ նրա լուսամուտի մոտով, նրան զբաղված եմ տեսնում, իմ կից բնակարանում կենում է մի այրի կին, որը ունի երկու չափահաս աղջիկներ և մի՝ քսաներկու տարեկան որդի― նկարիչ, որ եղել է նշանավոր Ժերոնի աշակերտը։ Ընտանիքը ոչ ծառա ունի, ոչ աղախին. տնային գործերը այրին ինքն է կատարում։ Օրիորդները ծառայում են բանկերում, առավոտը գնում են, երեկոյին վերադառնում։ Որդին ամբողջ օրը նկարում է իր արհեստանոցում, որ գտնվում է մի քանի փողոց հեռու։ Երեկոները նրանք ազատ են, և ահա յոթ ժամից սկսվում է