Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/532

Այս էջը սրբագրված է

III

Փարիզ 17/30 սեպտեմբերի

Այո, ֆրանսիացին աշխատում է ոչ պակաս, քան գերմանացին և անգլիացին։ Բայց նա գիտե զվարճանալ, իսկապես զվարճանալ, ոչ այնպես անշնորհք, որպես գերմանացին և ոչ այնպես կոպիտ, որպես ռուսը։

Երեկ երեկո ես գնացել էի Փարիզի տոնավաճառը, կամ, ավելի ճիշտն ասած, վաճառքային տոնը։ Կա այստեղ մի ամբողջ կազմակերպություն, որ տարին տասներկու ամիս թափառում է թաղից թաղ և մի-մի շաբաթ ամեն թաղում տոնավաճառ է սարքում։ Դա իսկապես մի ժողովրդական տոնահանդես է զանազան զվարճալիքներով։ Չորս փողոցների անկյուններում տարածված ընդարձակ հրապարակի վրա՝ բացված է բազմատեսակ զվարճալիքների մի տեսարան։ Էլեկտրական շշմեցուցիչ լուսավորության մեջ երևում են հսկայական կարուսելներ, որոնք պտտվում են էլեկտրական կամ շոգեշարժ մեքենաներով, շքեղ, ոսկեզօծ, ահագին արվեստական բարձրություններ, օրորանների պտուտակներ, ճոճարաններ և այլն։ Սրանց շուրջը տարածվում են վաճառանոցներ, փոքրիկ ժողովրդական թատրոններ, կրկեսներ և այլ զվարճանոցներ։ Այս բոլորը կազմված է թաղի հասարակ ժողովրդի գլխավորապես բանվոր դասի համար. մի հանդես, որին Պետերբուրգի բարձր դասակարգը կնախանձեր։

Ութ ժամն է երեկոյան, դեռ հանդեսը լուսավորված չէ, չկա ոչ մի շարժում։ Որովհետև աշխատավոր դասը դեռ չի վերջացրել իր օրվա զբաղմունքը։ Ճիշտ ութևկեսին էլեկտրական ահագին գնդերը լուսավորվում են, մեքենաները սկսում են գործել, կարուսելները սոսկալի դղրդյունով շարժվում են և պտտվում։ Սկսվում է մի խլացուցիչ աղմուկ, և հրապարակը կես ժամվա ընթացքում ծածկվում է բազմատեսակ ամբոխով։ Բանվորները իրանց կանանց հետ թև-թևի տված, արհեստավորները, ծառաները, սպասավորները խումբ-խումբ շտապում են հանդիսավայրը։ Ութևկեսից մինչև տասնումեկուկեսը գիշերվա այստեղ զվարճանում է հասարակ դասը, մոռանալով իր օրվա աշխատանքը և դառնությունները։