Ֆրանսիացին գլուխը թեքում է կրծքին և լռում։ Բայց միայն մի քանի վայրկյան։ Շուտով նա հպարտ բարձրացնում է գլուխը և գոչում,
— Ոչ, դեռ Ֆրանսիայի պատմությունը վերջացած չէ։ Նա դեռ ունի խոշոր դեր ազգերի մեջ։ Եվ հավատացեք՝ կգա մի օր, որ նա դարձյալ իր ձեռքը կառնի արևելյան ճնշված ազգերի ազատության գործը...
Կ՞գա արդյոք այդ օրը
V
Անշուշտ հեռագրական գործակալությունները ձեզ հաղորդած կլինեն տուբերկուլոզի վերաբերմամբ այստեղ կազմված միջազգային համագումարի մասին։ Մի շաբաթ միայն տևելուց հետո՝ համագումարը փակվեց երեկ չէ մեկել օրը։ Աշխարհի բոլոր կողմերից ժողովված բժիշկները, որոնց թվում մի շարք նշանավոր գիտնականներ, հաղորդեցին գրավոր և բերանացի իրանց գիտցածը մարդկության սոսկալի թշնամիններից մեկի մասին։
Փարիզն անհամբեր սպասում էր համագումարի հետևանքներին, մամուլը ամեն օր տալիս էր մանրամասն տեղեկություններ։ Հույս էր հայտնվում, որ այս անգամ գոնե մարդկությանը կավետվի մի փրկարար միջոցի գյուտը այն ախտի դեմ, որ օրական մի քանի հազար մարդ է ուղարկում գերեզման։
Համագումարի բացումից հետո «Matin»֊ի մի աշխատակիցը դիմում է հռչակավոր Բերինգին, խնդրելով հայտնել արդյոք ճիշտ է քաղաքում պտտող լուրը, թե նա երկարամյա փորձերից հետո գտել է տուբերկուլոզի հակաթույնը։ Բերինգը խոստովանում է, թե, արդարև, վերջին հինգ տարիները զբաղված է եղել իր լաբորատորիայում այդ խնդրով։ Փորձերը հաջող են եղել, և նա գտել է ախտի բացիչները ոչնչացնելու միջոց։ Սակայն առայժմ նա չի կարող լույս ընծայել իր գյուտը,