որովհետև իր հակաթույնը փորձել է կենդանիների (եզների) վրա և հույս ունի, որ մի տարուց հետո մարդկությանը կավետի ուրախալի լուր։
Գիտնականների և քաղաքագետների ոճին հատուկ զգուշությամբ և վերապահումներով է խոսել Բերինգը, իրոք նրա ասածների միտքն այդ է։
Մյուս օրը «Matin»-ը հրատարակում է իր աշխատակցի էնտերվյուն: Փարիզի մամուլը բարձրացնում է աղմուկ։ Այդ ի՞նչպես է, որ սենսացիոն լուրը «Matin»-ին հաջողվեց ամենից առաջ հրատարակել։ Սկսվում է լրագրական բոբչինսկի—դոբչինսկիների արշավանքը դեպի գիտնականները։ Դիմում են Բերինգին, որ նա հրապարակորեն կամ պնդի, կամ հերքի «Matin»֊ի ասածը։ Գերմանացի գիտնականը պատասխանում է՝ ինքը իբրև Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ անհարմար է համարում լրագրների մեջ խոսել և թե երկու օրից հետո, այն է, շաբաթ 8-ին զեկուցում կկարդա համագումարի նիստում։
Դիմում են ի միջի այլոց և ռուս գիտնական Մեչնիկովին։ Սա պատասխանում է, թե այնքան հավատում է Բերինգի տաղանդին և լրջությանը, որ համոզված է, թե վերջ ի վերջո գերմանացի գիտնականը տուբերկուլոզի դեմ կգտնի այնպիսի հաստատ միջոց, որպիսին գտել է դիֆտերիտի դեմ։ Ավելացնում է ռուս գիտնականը, որ ինքը միայն մոտավորապես ծանոթ է Բերինգի փորձերին, և թե միջոցը տակավին գաղտնիք է, որ կպարզվի ոչ ուշ, քան մինչև 1906 օգոստոսը։
Վերջապես, շաբաթ, ամսույս 8-ին Բերինգր մոտ երկու հազար մարդու ներկայությամբ կարդում է իր զեկուցումը։ Գիտնականը պնդում է իր ասածը «Matin»-ի աշխատակցին։
Մասնագետ չլինելով, վախենում եմ աղավաղել հռչակավոր բժշկի զեկուցման իմաստը, ուստի առաջ չեմ բերում նրա զուտ մասնագիտական զեկուցման բովանդակությունը, ուր կան ինձ համար անհասկանալի տերմիններ։ Խնդիրն այն է, որ Բերինգը գտել է ինչ-որ միջոց իր հայրենակից Կոխի գտած բացիլների դեմ։ Միջոցը տուբերկուլոզային հակաթույնի սրսկումն է ախտավորի օրգանիզմի մեջ։ Սակայն