Այս ժողովրդի պատմածն է։ Գալով պատմության, Նանան Աբաս թագավորի կինն է, Սարգիս Սպասալարի աղջիկը և Զաքարե Սպասալարի քույրը։ Աբասի վաղահաս մահից հետո բարեպաշտ թագուհին շինել է տվել հիշյալ կամուրջը իր սիրելի ամուսնու հիշատակին։
Նանայի կամուրջը մի վերին աստիճանի պարզ շինություն է առանց ճարտարապետական զանազան բարդ ձևերի։ Նրա երկարությունն է մոտ տասնուհինգ սաժեն, իսկ բարձրությունը՝ գետի մակերեսից՝ ոչ ավելի, քան հինգ սաժեն. հիմքը դրված է դեմուդեմ երկու ժայռերի վրա—մի պայման, որ նպաստել է նրան ավելի քան յոթը հարյուր տարի կանգուն մնալ։ Վերջին տարիները արևմտյան կողմից, հիմքը բավական խախտվելով, կամուրջը սկսել է հետզհետե ավերվել, Բայց Թիֆլիսի Նորաշեն եկեղեցվո քահանա Թադևոս Երվանդյանը, անցյալ թե մյուս տարի, կամուրջը նորոգել է տվել իր հաշվով։
10
Կեսօրից անց էր. եղանակը պարզ, մաքուր, արևը նոր նոր դիմացի ժայռերի հետևից իր կենդանացուցիչ շողքը սփռել է Սևորդյաց ձորի խորքերը։
Սանահնի այգիների մի ծայրը սկսվում է Դեբեդա գետի արևմտյան ափից, Նանայի կամրջի մոտից, մյուս ծայրը հասնում է գրեթե մինչև Մադանի ձորը, տարածվելով երկու լեռնաշղթաների միջի նեղ ձորով։ Բարձրագագաթ ընկուզենիների, խնձորի, տանձի, սերկևիլի, ծիրանի, նռան, դեղձի, սալորի, բալի, կեռասի և այլ պտղատու ծառերի կանաչ խտությունը մի հիանալի գեղեցկություն է տալիս այդ ձորին։ Տեսարանը մանավանդ սիրուն է, երբ այգեստանի վրա նայում ես մի որևէ բարձրավանդակից։
Մենք մտանք իշխան Արղությանների այգին։ Խոտը, մանր գետաքարերի և փայտի խառնուրդից կազմած մի խրճիթի առջև կանգնած էր կարմիր շիլա շապկով մի երիտասարդ կին։ Մեզ տեսնելով, փախավ ներս, և խրճիթից դուրս եկավ մի չափահաս մարդ, նիհար, փորը ներս ընկած, ալեխառն