Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/542

Այս էջը սրբագրված է

Փարիզի նշանավոր փաստաբաններից մեկը։ Չգիտեմ ինչպես, դատարանն արդարացնում է նրան։

Բայց արդեն Ժանն Վեբերի անունը հռչակված է։ Ամենից անիծված, հալածված, անտուն-անտեր նա սկսում է թափառել Փարիզի շրջակայքում, մուրալով մի կտոր հաց և վաճառելով իր մարմինը կամեցողներին։

Մի բարեսիրտ մարդ Բավուզե ազգանունով խղճում է նրան և ընդունում իր տանը։ Վեբերն այդ ժամանակ իր անունն ու ազգանունը փոխած է լինում։ Բավուզեն չգիտե նրա անցյալը։ Նա ունե երկու զավակ՝ մի աղջիկ և փոքրիկ տղա։ Ժաննը միանգամից սիրում է այդ երեխաներին և կարողանում է ինքն էլ սիրելի դառնալ։ Այժմ նա համեստ, շատ համեստ, աշխատասեր մի կին է, որ ամենայն բարեխղճությամբ օգնում է տիկին Բավուզեին տնտեսական աշխատության մեջ։

Մի օր ինչ֊որ պատանիներ այդ տղային տանում են քեֆի և խմեցնում։ Փոքրիկը տուն է վերադառնում հարբած և գիշերը մեռնում է։ Նրան թաղում են։ Ծնողները նրա մահը համարում են պատահար։ Բայց մի քանի ամիս անցած, Հավուզեն հանկարծ մի օր իմանում է, թե իր տանը ապաստանածը անցյալ թափառական Ժանն Վեբերն է։ Կասկած է ընկնում նրա սիրտը, արդյոք Ժաննը չի՞ խեղդել իր զավակին։ Դիմում են տեղական դատավորին։ Դեպքը պատահել է Շատոռուում։ Մանկան դիակը դուրս են բերում գերեզմանից և քննում։ Քննող բժիշկները հայտնում են, որ երեխան խեղդված է ուրիշի ձեռքով։ Նույն համոզմունքի է և տեղական դատավորը։ Բայց փաստաբանը պահանջում է, որ նորից քննվի դիակը։ Այս անգամ Փարիզից հրավիրվում է պրոֆեսոր թուանոն։ Այս գիտնականը մի անգամ արդեն ազատած է լինում Ժաննին, երբ սա կասկածի տակ է լինում, թե խեղդել է իր զավակին։ Թուանոն հերքում է Շատոռուուի համեստ բժիշկների ցուցմունքը։ Ժաննը նորից արդարանում է և ազատվում բանտից։

Լրագիրները նկարագրում են նրա հոգեկան տանջանքները։ Փողոցային բանաստեղծները երգում են նրա «անքուն գիշերները», նրա «ողբալի ճակատագիրը», որ այնքան