Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/548

Այս էջը սրբագրված է

մնա ինձ հավատարիմ ցմահ։ Մնա ինձ հավատարիմ ստրուկ և այժմ, երբ քո մի ոտն արդեն գերեզմանումն է...

Եվ ողորմելի, ստրուկ միլիոնատերը նորից կընկճվի, նորից կստրկանա իր անողոք աստծու առջև։

Եվ նա գողնովի դողդոջուն ձեռքով, ահով ու սարսափով կձգե մի չնչին լումա թշվառներին։

Որպեսզի վայրկենաբար հուզված խիղճը հանգստացնե։

Այնուհետև նա նորից կմտնե իր բուսական անդորրության մեջ։

ՈՉՆՉՈՎ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՎՈԻՄ

Հայ միլիոնատերերը կարող են ինձ ասել.

— Լավ, ընդունում ենք, որ մենք անտարբեր ենք դեպի մեր ազգի անասելի թշվառությունները, և դուք ունեք իրավունք մեզ անվանելու անսիրտ, անհոգի։ Իսկ ի՞նչ եք դուք, ի՞նչ է հայ ինտելիգենցիա կոչված ձեր դասակարգը։ Այդ բազմաթիվ բժիշկները, իրավաբանները, ինժեներները, ճարտարը, որոնք այնքան հետամուտ են մեզ և այնքան շոյում են մեզ ամեն օր։ Չէ՞ որ նրանք մեզնից ավելի գիտեն՝ ինչ ասել է ազգային թշվառություն և մի ամբողջ ժողովրդի մահացում։ Ասացեք, նրանք որքա՞ն պարտաճանաչ են և զգայուն։

Եվ հայ միլիոնատերերը կատարյալ իրավունքի տեր են այդ հարցը տալու, թեև գա նրանց չի փրկի ազգային նախատինքից։ Եվ ես չեմ կարող նրանց պատասխանել առանց ամոթի, առանց խղճի խայթոցի։

Չեմ կարող, վասնզի այն դառը խոսքերը, որ ես ուղղեցի նրանց, կրկնակի ուժով և եռակի թույնով պիտի ուղղվեն և հայ ինտելիգենցիայի ահագին մեծամասնությանը։

Արդարև, մարդ ուղղակի սարսռում է, երբ մի վայրկյան դիտում է այդ մեծամասնության այժմյան դիրքը և մտածում նրա մասին։ Դա արդեն սոսկ ժլատություն կամ էգոիստական անտարբերություն չէ, այլ զգացումների կատարյալ բթություն, ուղեղի կատարյալ ժանգոտում, բարոյական մի եզակի պրոստրացիա։