Արդարև, հայ ինտելիգենցիան, շատ աննշան բացառությամբ, իր ազգի ներկա պատմական վայրկյանում ավելի մեծ բարոյական սնանկություն ցույց տվեց, քան հայ պլուտոկրատիան։
Ասում են՝ ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է։
Ես չեմ ասում, թե հայ ինտելիգենցիային շատ մեծ բան է տրված։ Քավ լիցի, երևի դեռ դարեր են հարկավոր, մինչև որ նա կբարձրանա այն աստիճանին, որի վրա կանգնած են ' քաղաքակիրթ ազգերի ինտելիգենցիաները։
Բայց, աստված իմ, չէ՞ որ այդ բարձրագույն կոչված ուսումը մի բան տվել է նրան։ Համենայն դեպս ավելի, քան նավթային հանքերը՝ հայ միլիոնատերերին և խանութը հայ պլուտոկրատներին։
Հապա ինչո՞վ են տարբերվում նրանք իրանց մտազոր ապիկարությամբ, բարոյական աղքատությամբ, ժլատությամբ և անսրտությամբ. . . Ոչնչով։
ՈՐՔԱՆ ՀԵՇՏ Է
Վիկտոր Հյուգոն մի գեղեցիկ համեմատություն ունի։ «Մարդկային սիրտը,— ասում է նա,— նման է սպունգի, երբ նա արդեն ծծել է որոշ քանակությամբ վիշտ և լիացել, այնուհետև օվկիանոսներ կարող են անցնել նրա վրայով, և ոչինչ»։ Հայի սիրտը վաղուց է լցվել դառնություններով։ Եվ գուցե այդ է պատճառը, որ այլևս ոչ մի գերմարդկային վիշտ չի հուզում նրան։
Գուցե այդ է պատճառը, որ Հայաստանը ծայրեիծայր մարդկային արյան օվկիանոս է դարձել, և՛ հայը ասում է՝ «Ոչխնչ, համբերեմ, ապագա ունեմ»։
Գուցե այդ է պատճառը, որ հայի ներվերը բթացել են, քարացել և այլևս նրա վրա չի ազդում ոչ մի մտրակ, ոչ մի վիրավորանք, անարգանք, անպատվություն, անգամ և նա բուսական հեզությամբ մրմնջում է. «Զարկեցեք, անպատվեցեք․