շեկ մազերով։ Ձախ թևը վզովը գցած թաշկինակով կապած և կրծքի վրա բռնած, նա մոտեցավ մեզ և հնամաշ, սև «ֆուրաշկան» վերցնելով, բարևեց ու հրավիրեց առաջ։
Այդ մարդը թե՛ դեմքով, թե՛ հագուստով և թե՛ շարժվածքով ոչ գյուղացու նմանություն ուներ, ոչ քաղաքացու։ Նրա ոսկրոտ այտերի և բարակ պարանոցի մուգ կապտագույն կաշին, փոքր-ինչ պլզած աչքերը, ուռած կոպերը, կնճռած ճակատը կարծես արտահայտում էին, թե այդ մարդն ունեցել է անցյալ։ Հագած էր նա հնամաշ կիսակոշիկներ, հաստ դրապից կարած արխալուղ և վարտիք, հնացած, քրքրված ծակծակոտված ու բազմաթիվ կարկատաններով զարդարված։
Ես ակամա հիշեցի Անդրկովկասի այն թուրք բեգերից մեկին, որոնք հետին ծայր չքավորության մեջ պահպանում են իրենց դեմքի և շարժվածքի մեջ մի տեսակ ավանդական գոռոզություն։ Գյուղական թուրք բեգը միշտ աշխատում է մի բանով զանազանվել հասարակ գյուղացուց։ Տրեխների տեղ նա հագնում է քաղաքացու չմուշկներ (քոշեր), ոչխարենու փափախի փոխարեն Բուխարի կամ Շիրազի մորթուց կարած, հնացած, մաշված և շատ անգամ մազերը կիսով չափ թափված, կաշին բացված գդակ։ Մեջքին նա կապում է բարակ սև կաշվե գոտի, առջևից երկու կտոր արծաթյա կոճակներով։ Նա մորուք չի պահում, շաբաթը մի անգամ սափրել է տալիս, բեղերը և բիրչակները (գիսակները) հինայով ներկում է, որովհետև մորուք պահելը և հինա չդնելը կարող է վայելել ծերերին և գռեհիկներին։ Գյուղը մտնելիս, այդ գոռոզ «ազնվականին» կտեսնեք փողոցի մեջտեղում կանգնած, բեղերը սրած կուշտ կատվի պես, մատին մի որևէ մատանի, գդակը ծուռ դրած, մի ձեռով բերանում բռնած եղեգնյա կարճ և նախշած ծփնեփող (մունդշտուկ), մյուս ձեռը կողքին, փորը և կուրծքը, որքան կարող է, դուրս է ցցում, ուսերը քաշում է վեր. դա հպարտության նշան է։ Դյուրին բան չէ այդ պահին նրա հետ խոսելը. գյուղացին պետք է մոտենա, տասը քայլ հեռվից գլուխ տա, ձեռները դնի փորի վրա և անշարժ կանգնի, մինչև որ «բեգը» կբարեհաճի հարցուփորձ անել։ Քաղաքացի տեսնելիս՝ «բեգը» ավելի է փքվում, «բարձրից է նայում», ինչպես ասում են մեր գավառական