Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/550

Այս էջը սրբագրված է

խելացի իմ կնոջը, ոչինչ չեմ հուսահատվում է վասնզի ես ապագա ունեմ»։

Այո, ունես ապագա, բայց ի՞նչ ապագա, այդ միայն աստված գիտե։ Իսկ քո ներկան դժոխքային է, և եթե դու չես ուզում գոռալ, աղաղակել, ապա նման ես անմռունչ կենդանու: Կենդանին է, որ չի լալիս, որովհետև նա չգիտե լալ, ինչպես և չգիտե ծիծաղել։

Երբ մի մեծ, հզոբ ազգ համբերությամբ և առանց հուսահատության տանում է իր ծայրագույն թշվառությունները, դա հասկանալի է, քանի որ մեծ ազգերն ունեն և մեծ պաշար հոգեկան, ֆիզիկական և նյութական, և նրանց է միայն վայելում համբերությունը և սառնասրտությունը։

Բայց երբ մի փոքրիկ, դարերով հալածված, ուժասպառ, հոգեսպառ, անտեր, անպաշտպան մի ազգիկ է իր ինտելիգենցիայի այսինքն՝ ներվերի բերանով ասում՝ «Ոչինչ, համբերեմ, ես ապագա ունեմ», այն ժամանակ թույլ տվեք ասել, որ ես դա հերոսություն չեմ համարում, այլ բոլորովին հակառակը։ Ես այդ համարում եմ մարդկային զգացումների բթացում, եթե ոչ կատարյալ մեռելություն։ Ես այդ համարում եմ ծայրագույն ստրկության ներքո տափակած խելքի, հոգու և սրտի կատարյալ մահացում։

Գոռում և աղաղակում են նրանք, որոնք ուզում են ապրել։ Լռում են նրանք, որոնք կենդանի դիակներ են։ Եվ վայ այն ժողովրդին, որ չգիտե ժամանակին արտասվել և ժամանակին ծիծաղել։ Վայ այն ազգին, որի գլխին հարվածները թափվում են կարկտի պես, իսկ դեմքի վրա չի նկատվում և ոչ մի ցնցում։

Այժմ մեծ ազգերն են գոռում, աղաղակում և հուսահատական ճիչեր են արձակում, իսկ մենք ինքներս մեզ արգելում ենք բողոքել անգամ։

Դա՞ չէ արդյոք մեռելության նշանը։

Ես երբեք չեմ մոռանա մի սոսկալի տեսարան։ Երբ մենք մի քանի աշխարհականներ՝ մի եպիսկոպոսի հետ ճամփորդում էինք Թուրքիայի մի մասում։ Զեթկան գյուղի տառապյալ գյուղացիները մեր շուրջը խմբված նկարագրում էին