Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/553

Այս էջը սրբագրված է

աստուծո, դրա համար կա Հայկազյան բառարան։ Բայց իմ բողոքը նսեմացնել չեն կարող։

Ես ասել եմ և կրկնում եմ. հայ միլիոնատերերն իրանց մարդկային պարտքը ազգի վերաբերմամբ չեն կատարել։ Նրանք պարտավոր են կատարել, և ես դեռ հույս ունեմ, որ կկատարեն։

Կգա մի օր, որ նրանք, վերջապես, կհասկանան, որ իրանց իսկական թշնամիները իրանց շրջապատող ստրուկներն ու շողոքորթներն են, որ բռնում են նրանց ձեռքը բարեգործության ասպարեզում, այլ ոչ թե նրանք, որոնք ամենայն անկեղծությամբ հիշեցնում են նրանց իրանց բարոյական պարտականությունը և զգուշացնում ապագայի անախորժություններից. . .

ԴՈԻ ՉԵՍ ԱՊՐԵԼ

Միքայելյան պրոսպեկտի ընդարձակ այգիներից մեկն է։ Կանաչազարդ ծառերի տակ դրված են շարեշար նստարաններ։ Նրանց առջև ձգված են երկայն սեղանները, նորաշեն, մաքուր։

Մի քանի հաղթանդամ տղամարդիկ գետինը ջրում են և խնամքով ավելում։ Մի քանի կանայք, թևերը քշտած, զբաղված են միս կոտորելով, բրինձ մաքրելով, ամանեղեն լվա֊ նալով։ Մի պարոն եվրոպական տարազով, նիհար, ինչպես կմախք, սակայն եռանդուն, արագաշարժ, դեսուդեն վազվզելով, կարգադրություններ է անում, մեկին պատվերներ տալով, մյուսի վրա գոռալով։ Մերթ ընդ մերթ նա ծույլերի հասցեին արտասանում է ֆրանսերեն փափուկ հայհոյանքներ։

Բոլորը փախստականներ են, բոլորը աշխատում են վարձով, որովհետև Տիգրան Նազարյանը որոշել է, որ ոչ ոք իր ճաշարանում անվարձ չաշխատե։

Այգու խարխուլ դռնակներով ներս են մտնում թշվառները։ Ծերեր, կանայք, մեծ մասամբ երեխաներ, փոքր մասամբ պատանիներ և երիտասարդներ։ Բոլորը նիհար են,