Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/555

Այս էջը սրբագրված է

Եվրոպան այցելելով և դիտելով կուլտուրական ազգերի վարքուբարքերն ու կենցաղավարությունը, գիտե, թե քաղաքակրթությունը որպիսի նուրբ անզգալի ձևերով է կարոտյալի օգնության ձեռք կարկառում։ Զգում է, թե ոչինչ այնքան դառն ու վիրավորական չէ մուրացկանության ոչ սովոր մարդկանց համար, որքան ողորմություն ստանալը, և ոչինչ այնքան պարտավորական չէ բարերարի համար, որքան քաղաքավարությունը։

Տիգրան Նազարյանի ձեռնարկը գովաբանելու համար չէ, որ այս տողերը ես գրում եմ, այլ սոսկ իմ ստացած բարոյակա հաճույքը, նաև իմ երախտագիտությունը իբրև հայ արտահայտելու համար։ Ես գիտեմ, որ իսկական բարերարն իր բարոյական վարձը գտնում է իր հոգու խորքում։ Գիտեմ, որ Տիգրան Նազարյանը ներկայումս ապրում է իր կյանքի երջանիկ վայրկյանները և, ով գիտե, գուցե ամենաերջանիկը։ Ինչո՞ւ։ Որովհետև նա ուրախ է, որ մեն-մենակ կարողանում է անել այն, ինչ չկարողացավ անել ոչ մի միլիոնատեր և ոչ մի բարձրաղաղակ հաստատություն։

Ահա այդ ինքնազգացումն է, որ զարդարում է մարդու կյանքը և դարձնում նրան իմաստալի։

Այժմ դառնում եմ քեզ, հայ միլիոնատեր, և համեմատում եմ քո կյանքը մի գրեթե աղքատ, համենայն դեպս ոչ ունևոր Տիգրան Նազարյանի կյանքի հետ։ Ողորմելի, դու չգիտես, որ իսկական կյանքն այն է, որ ուրիշներին ևս կյանք է տալիս։ Նայիր քեզ. ապրե՞լ ես դու երբևէ քո կյանքում երջանիկ վայրկյաններ։ Երբե՛ք. կարող եմ գլուխս գրազի դնել Նայիր քեզ։ Մի ոտդ արդեն գերեզմանումն է, այսօր-վաղը մահը կայցելե քեզ, և մինչև այժմ քո դեմքը մի ուրախ ժպիտ չի տեսել։ Ինչո ՞ւ։ Որովհետև հարստությունը, որ բախտը տվել է քեզ իբրև ապրելու և ապրեցնելու միջոց, դա դարձել է քեզ համար մի սոսկալի բռնակալ և քո սիրտն ու հոգին չեն ազատվել նրա ճնշումից նույնիսկ այն վայրկյաններին, երբ փափագել ես ապրել քեզ համար։

Այնինչ որքան երջանիկ կլինեիր դու, եթե մի օր, վերջապես, զգայիր և հասկանայիր, որ իսկական երջանկությունը ոսկիներ դիզելու մեջ չէ, այլ ուրիշներին երջանկացնելու