Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/557

Այս էջը սրբագրված է

որքան էլ ես ցանկանամ այդ խոսքերը անուշադրության մատնել, չեմ կարող։

Նրանց միտքը հետևյալն է. քանի որ հայկական ազգային բյուրոյի հակառակորդները թուրքահայերի դժբախտության համար մեղքը գցում են բյուրոյի քաղաքականության և հայ կամավորների ելույթների վրա, հանգամանքներ, որոնք իբր գրգռել են թուրքական կառավարության զայրույթը և առաջ բերել հայերի համատարած բնաջնջում, ապա ինչո՞ւ մեղադրյալի աթոռին չնստեցնել նաև այն մարդուն, «որը առաջինը բարձրացրեց Հայաստանի ինքնավարության հարցը», այսինքն՝ ինչ։

Առարկությունը միանգամայն իրավացի է, բայց նրանում ամեն ինչ չէ որ ասված է, և հենց դրա համար ես բողոքում եմ ամբողջ հոգով։ Չգիտեմ, դիտմա՞մբ, թե՞ առանց դիտավորության, բայց պ. Բերբերովը կողմնակիորեն ինձ էլ է դնում այն անձանց խմբի մեջ, որոնք ազգային բյուրոյին և կամավորական խմբերին մեղադրում են թուրքահայերի կոտորածի համար։ Մինչդեռ այդ հարցում իմ կարծիքը տրամագծորեն հակառակ է բյուրոյի թշնամիների կարծիքին, և վերջին Ժամանակներս ինձ մի քանի անգամ վիճակվել է նրանց հետ վիճաբանել այդ հարցի շուրջը։

Ես համաձայն եմ, որ բյուրոյի և ընդհանրապես հայկական քաղաքականության ղեկավարների գործունեության մեջ քիչ չեն եղել սխալները, սխալներ են արվում նաև այժմ, բայց իմ կողմից անբարեխղճություն և տմարդի վարմունք կլիներ այդ սխալները մեծացնելու, հասցնելու պատմական ոճրագործության աստիճանի։ Սխալ չի գործում նա, ով ոչինչ չի անում, և զարմանալի չէ, որ բյուրոյի ամենից ավելի դաժան քննադատները գլխավորապես այնպիսի մարդիկ են, որոնք իրանց ամբողջ կյանքում հանցագործ անտարբերություն են ցուցաբերել տաճկահայերի բախտի նկատմամբ, մարդիկ, որ մատը մատին չեն խփել հանուն ազգային այս կամ այն գործի, մարդիկ, որոնք այժմ էլ ոչ մի օգնություն չեն ցույց տալիս թեկուզ դժբախտ գաղթականներին։ Մեր բանակի շարքերում հայկական խմբերի երևալը քաղաքական որևէ խմբավորման քմահաճույքի կամ ազգային