Թղթակիցները, առհասարակ. աշխատում է գյուղացիներին ցույց տալ, թե քաղաքացին նրա համար մի առանձին նշանակություն չունի։ Կամ գլխով կանչում է իր մոտ մեկին և հարցնում.
— Ադա, о քի՞մ դի... (նա ո՞վ է)։
Եվ այդ «օ քիմ դի»-ն նա արտասանում է այնպիսի ձայնով և եղանակով, որ լիովին արտահայտում է իր ազնվական գոռոզ հոգին։
Այս նմանությունն արտաքին էր, թող ընթերցողը չկարծե, որ մեզ դիմավորող թևը կապած մարդը թուրք բեգերի տիպերիցն էր։ Դա այգու տերն էր, մեկն իշխան Արղությաններից, որոնք բազմաթիվ են Սանահին գյուղում: Նա ուրախությամբ հրավիրեց մեզ այգու խորքը, խրճիթի հետևը, ուր խոտի դեզի մոտ, մի բարձր ընկուզենու տակ հյուրընկալ իշխանը մեզ համար պատրաստել էր տվել համեստ և առատ ճաշ։
Հայ ժողովուրդը շատ հյուրասեր է, բայց իր հյուրասիրության մեջ նա ունի անդուրեկան մի հատկություն, որ քանիցս ես դեպք եմ ունեցել փորձելու։ Նա չգիտե իր ունեցածը հարգել հյուրի մոտ, նա չի գնահատում ինքն իրեն, նա չափազանց քննադատորեն է վերաբերվում դեպի իր թերությունները։ Գուցե այդ նրանից է, որ նա շատ է ուզում գրավել հյուրի համակրությունը։ Գուցե, բայց անախորժ է թվում, երբ տեսնում ես, որ նահապետական պարզության մեջ հայ գյուղացին ծաղրում է այն սեղանը, որով քեզ հյուրասիրում է:
— Էս սեղանը Եվրոպայից բերած է,— ասաց ծիծաղելով մի ծերունի գյուղացի, խաշած ձուկը նռենու ճյուղերից հյուսած սկուտեղի վրա դնելով մեր առջև։ Հետո նա սկսեց ներողություն խնդրել ճաշի պակասությունների համար։
Մի այլ գյուղացի, Հաթամ անունով, որ մեզ համար ձուկ էր որսել, հեռվում կանգնած, դեմքը ծռմռելով, դժգոհության նշաններ էր անում։ Միևնույն ժամանակ նա շուտ-շուտ սեղանը ծաղրող ծերունու հետևից ձգում էր սպառնալից հայացքներ և գլուխը խորհրդավոր շարժում։ Հետո իմացանք, որ Հաթամը ծերունու երեք թե չորս որդիներից մեկն է. հայրը դուրս էր բերել նրան իր տնից, զրկելով ժառանգությունից: