Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/560

Այս էջը սրբագրված է

աղավաղեց մեր միտքը, այլանդակեց մեր զգացումները ավելի, քան կարելի էր երևակայել։ Նախ արտաքին պատերազմը, ապա ներքին, այդ անիշխանություն կոչված հրեշը։ Դիտեցեք, ի՞նչ ավերումներ է գործել նա մեր մեջ, ի՞նչ հարստություն է կորցել գազանը մարդուց, թող յուրաքանչյուրը քրքրե իր ներքին աշխարհը և վերլուծե իր զգացումները։ Կա՞ արդյոք մարդ, որ չզգա գազանի իշխանությունն իր մեջ։

ԱՅԼԱՊԵՍ ԿՈՐԱԾ ԵՆՔ

Դառն ու վշտալի է զգայուն մարդու համար դիտեԼ այն գժտությունները, որ կործանարար որդի պես կրծում են կովկասյան ժողովուրդների գոյության արմատը։ Ծանր է մանավանդ զգալ, որ օր-օրի վրա այդ գժտությունները զորեղանում են ու բարդանում և օր-օրի վրա տկարանում են նրանց դեմ մաքառելու միջոցները։

Չկա մի հեղինակավոր ուժ, որ կարողանա ազգությունների փոխհարաբերությունների մեջ ազնիվ միջնորդի դեր խաղա և իբրև դատավոր՝ ցույց տա յուրաքանչյուրին իր տեղն ու իրավունքները։

Խոսքը կորցրել է իր բարոյական ազդեցությունը։ Այլևս նա չէ ազդում մարդկանց ոչ ուղեղի և ոչ հոգու վրա։

Մարդկային բանականությունը շփոթվել է ու մթագնել անիշխանության, սովի, բարոյական վակխանալիայի, կրակի և արյան սոսկալի մթնոլորտում։

Ճանաչվում ու հարգվում է, ինչ եմ ասում, պաշտվում է, իբրև աստված, միայն մի ուժ՝ բռունցքի կոպիտ ուժը։ Եվ ում բռունցքն ավելի զորավոր է, նա է տիրում կյանքին, նա թելադրում բարոյական օրենքները և նա է տալիս ուղղություն մարդկանց խելքին և զգացումներին։

Բшյց ասացեք, ե՞րբ է եղել բռունցքի ուժն արդարադատ, որ լինի այժմ, ե՞րբ է նա բարոյականություն ճանաչել, որ ճանաչն այժմ։ Բռունցքի միակ օրենքը քմահաճույքն է և միակ ղեկավարն՝ իր տրամադրությունը։