Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/564

Այս էջը սրբագրված է

մեղքերի մեջ՝ քավել ենք ամենից ավելի և տուժել ենք բոլորից շատ։

Անհաղթելի պատմական հանգամանքները մեզ ստիպել են խաղալ մի դեր, որ մեր ուժերից անսահման վեր է եղել։ Պետք է մեր բախտը արտաքո կարգի զորավոր լիներ, որպեսզի տանեինք այդ խաղը։ Չեղավ նա այդքան զորավոր, և մենք հաղթվեցինք։ Բայց հաղթվեցինք պատվով։ Եթե մի քանի տեղերում թշնամու գնդակը դիպավ մեր մեջքին, շատ տեղերում նա դիպավ մեր կրծքին։ Թող ուրեմն այդ վերքերը ծառայեն մեզ իբրև պատվո շքանշան։ Արյունով ենք մենք պաշտպանել մեր պատիվն ու գոյությունը և ոչ տմարդի խաբեբայությամբ ու դավաճանությամբ։ Մենք ոչ ոքի և ոչ ոքի չենք ստել, չենք խաբել, չենք դավաճանել։ Ահա մի բարձր վկայական մեր ազնվության ու բարոյականության։ Ընդհակառակը, մեզ են խաբել ու դավաճանել։ Եվ այսօր մենք վիրավոր ենք, արյունաքամ, ուժասպառ, բայց ոչ ամոթահար։ Մեր ճակատը պարզ է ու մաքուր. ինչո՞ւ այն շարունակ քսենք ուրիշների շեմքերին ու մրոտենք։

Հեռու չէ այն օրը, երբ մեր դատը պիտի մտնի մարդկության դատարանը։ Այնտեղ մեր հարյուր հազարավոր անմեղների արյունն է խոսելու բարձրաձայն։ Եթե կա արդարություն, լսվելու է այդ ձայնը։ Իսկ եթե ոչ, մեր վաղաժամ ինքնաստորացումը չի կարող մեզ փրկել։

Դադարենք աղերսել գոնե մի պահ։

ԲՈԼՈՐ ՇՈՎԻՆԻՍՏՆԵՐԻՆ

Ազգամոլության սկզբունքը մարդկային տեսակետից ոչ ազնիվ է և ոչ խելացի։

Մարդիկ, որ ձգտում են իրանց հայրենիքի երջանկությունը հաստատել մի ուրիշ ազգի կործանման կամ թշվառության վրա, ոչնչով չեն տարբերվում մեծ ճանապարհի վրա գործող ավազակներից։ Բայց նրանք և տխմար են, վասնզի չգիտեն, որ ոչ մի ազգ չի կարող շարունակ ապրել ուրիշների գույքը հափշտակելով, այնչափ տխմար, որչափ այն