Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/568

Այս էջը սրբագրված է

սպառնալիքներն ու հայհոյանքներն են փրկության միջոցները Երբ ես ասում եմ ու կրկնում, թե հայ ժողովուրդը որքան ևս պարտված լինի, չպիտի վհատվի, չպիտի կորցնե իր հույսերը, այդ չի նշանակում, թե նա պետք է լինի հանդուգն և աջ ու ձախ սպառնալիքներ արձակե, Ես ասում եմ, թե միայն մարմնապես պարտվածը չպիտի ընկճվի ու լքվի հոգեպես, վասնզի հոգեկան պարտությունն է, որ կործանում է ազգերին։ Բելգիան հաղթվեց ֆիզիկապես, բայց նա հոգեպես կենդանի է և կփրկվի։ Նույնը և Սերբիան, Լյուքսեմ բուրգը, Չերնոգորիան։


Այլ է հուսալը, այլ է սպառնալը։ Գրելով ներկա տողերը, ես աչքի առաջ ունեմ այն անձանց, որոնք բոլորովին անժամանակ մի բանակռիվ են վարում վրացիների դեմ և այնպիսի ոճով, որ անտեղի է և անվայել։ Նախ և առաջ այդ մարդկանց թե՛ գրածներից և թե՛ խոսածներից պարզ երևում է, որ նրանք գաղափար անգամ չունեն վրաց հասարակության այժմյան տրամադրության մասին և կատարելապես անծանոթ են առհասարակ վրացիների հոգեբանությանը։ Նրանք չեն հասկանում, որ այն, ինչ որ գրում են ու խոսում, կարող է միանգամայն հակառակ հետևանքներ առաջացնել։ Երկրորդ. այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ այն ժամանակ, երբ երկու ազգերի հարաբերությունները լարված են, մի անզգույշ բառ անգամ կարող է կայծակի նման հրդեհել այդ հարաբերությունները և առաջացնել մի նոր կատաստրոֆ աճ մեր ժողովրդի բազմատանջ կյանքում...

Եթե թույլ տանք անգամ, որ այդ մարդկանց ասածներն ու գրածները վրացիների վերաբերմամբ զուտ ճշմարտություններ են, այնուամենայնիվ, պետք է հասկանան, որ նույնիսկ ճշմարիտ խոսքն ունի իր ժամանակն ասվելու։ Բացի դրանից, կկամենայի իմանալ, թե ինչ բարոյական իրավունքով այդպիսի լուրջ ու պատասխանատու խնդրում ասպարեզ են գալիս մարդիկ, որոնք չունեն պատասխանատվության պարտականություն և ոչ էլ այնքան մեծ բարոյական հռչակ, որ թույլ տար նրանց ասպարեզ ելնելու։ ի՞նչ իրավունքով։