Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/571

Այս էջը սրբագրված է

ՄԻ ՆՈՐ ՍԽԱԼ

Երբ հիշում ես քաղաքական կյանքում գործած մեր սխալները վերջին տարիների ընթացքում, ցավում ես ոչ այնքան անցյալի, որքան ներկայի վերաբերմամբ, տեսնելով, որ այդ սխալները մեզ չեն խրատել, և մենք շարունակում ենք նույնը, թեև ուրիշ ձևերի տակ։

Բյուրավոր փաստերով կարելի է ապացուցանել, որ մենք՝ հայերս, թե չենք ուզում վնասել մեր դատին, լինի նա Կովկասում թե Կովկասից դուրս, չպիտի գրգռենք ռուսներին մեր դեմ, այլ, ընդհակառակը, պիտի ամեն կերպ ջանանք շահիլ նրանց բարեկամությունը։

Ինքը՝ հայ ժողովուրդը, շատ լավ գիտե այդ. ուստի միշտ աշխատել է գրավել ռուս ժողովրդի համակրանքը, իհարկե իր հասկացողության չափ։ Եվ այդ արել է ոչ միայն կովկասահայ ժողովուրդը, այլև թուրքահայը։ Ապացույց այն գուրգուրալի վերաբերմունքը, որ ունեցավ թուրքահայը 1857-ի և 1877-ի* պատերազմներին, մանավանդ վերջին պատերազմի սկզբներին։

Եվ ահա այսօր փորձեր են լինում հայ ժողովրդին մղել ռուս ժողովրդի դեմ։ Մոռացվում է, որ դա այն քրիստոնյա և մարդասեր ազգն է, որի հաղթական սվինն ազատել է կովկասահայ ժողովրդին պարսիկի բռնակալ լծից, ազգային և մարդկային անպատվություններից, այո, նույնիսկ վերջնական կործանումից։ Մոռացվում է ոչ միայն պատմությունը, այլև երեկվա օրը, երբ հայ մարդը ռուս մարդու հետ քով-քովի բարեկամաբար կռվում էր մի ընդհանուր թշնամու դեմ։ Խոսքս այն հիշատակագրի մասին է, որ նորերս Կովկասի նախկին չորս հանրապետությունների փարիզյան պատվիրակությունները ներկայացրին դաշնակից պետություններին՝ Զենովայի կոնֆերանսում քննելու համար։

Ինձ համար կատարյալ մի հարված էր տեսնել այդ հիշատակագրի տակ հայկական նախկին հանրապետության պատվիրակության նախագահի ստորագրությունը։ Այնքան անսպասելի էր այդ, Որ առաջին պահ չհավատացի իմ աչքնրին։