Նրա չոր ու դաժան դեմքը ժպիտ չուներ, ձայնը՝ փափկություն, ձևերը՝ հրապույրը, նայվածք՝ քաղցրություն։ Խելոք մարդ էր համարվում իր միջավայրում և իրավացի, վասնզի այդ միջավայրի աշխարհայեցողությամբ ով շատ էր կեղեքում, նա այնքան էլ խելոք էր։ Եվ ոչ ոք չգիտեր այնպիսի ճարպկությամբ վարել իր ընդարձակ ձեռնարկությունները, որպես այդ մարդ—մեքենան։
Չէին սիրում նրան և սիրելու ոչինչ չուներ իր մեջ։ Բայց հարգում էին, ոչ անկեղծորեն, այլ փարիսեցիորեն։ Զորավոր էր վաճառականական աշխարհում, այնչափ զորավոր, որ դեպքը պահանջելիս կարող էր մի հարվածով նյութապես կործանել իր հակառակորդին։
Նա արհամարհում էր մարդկանց և բնավ, բնավ չէր ձգտում շահել որևէ մեկի բարեկամությունը կամ համակրանքը։ Նա կեղծ, անբնական էր համարում ամեն մի զգացում, մանավանդ կարեկցության զգացումը, որովհետև ամեն ինչ ոչնչություն էր նրա համար, դարձյալ և դարձյալ, բացի դրամից։ Եվ այնքան ահռելի էր ոսկու պաշտամունքը նրա մեջ, որ խեղդել ու սպանել էր նույնիսկ նրա եսը, այսինքն՝ անձնական երջանկության զգացումը։ Շահում էր նա ոսկին ոչ ապրելու համար, այլ ապրում էր շահելու համար։
Նա իր կյանքի պահանջները կրճատել էր մինչև վերջին թելը, մինչև ծիծաղելին։ Ապրում էր նա չունևորի պես, չունևորի պես հագնվում և չունևորի պես ուտում ու ճամփորդում։
Ամուրի էր և մինչև մահ մնաց ամուրի։ Ամուսնության միտքը նրան սարսափ էր պատճառում։ Իր մռայլ մթության մեջ նա ինքնիշխան էր զգում իրան և գոհ էր, որ կնոջ անվերջ պահանջները և զավակների լացերն ու ծիծաղները չեն վրդովում նրա դիակային անդորրությունը։
Նա ասում էր.
— Մի անձ միայն մի կյանք կարող է ղեկավարել, տխմար է նա, ով իր պարանոցը դնում է ուրիշների լծի տակ։ Նրա համար ընտանիք և զավակներ «ուրիշներ» էին։ Փակ էր նրա գրանիտյա սիրտը բարության և կարեկցության համար։ Ոչ ոք չէր համարձակվում նրա դռներ