այդ տեսակ կտակարար բարերարների զարհուրելի հոգեբանությունն է։
Տգեղ է երևույթը, այլանդակ, և նա դեռ շարունակվում է։ «Առաջ հոգիս կուտամ, հետո դրամս»։
Եվ այդ տգեղ երևույթը շարունակվում է։ Ես գիտեմ, որ հայ հարուստների մեջ ամենուրեք գաղութներում կան մեկից ավելի գլուխներ, որ մտածում են. «Քանի կենդանի եմ-ոչինչ, մահիցս հետո— ամեն ինչ կամ շատ բան»։ Եվ այս այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը ավելի քան երբևիցե անհապաղ և վայրկենական աջակցության կարիքն ունի։ Այն ժամանակ, երբ այդ տոկուն, քրտնաջան, ամենից ազնիվ, ամենից աշխատասեր ժողովուրդն այնտեղ՝ Մասիսի դիմաց, քար-քարի վրա դնելով, հայրենիք է կառուցանում։
Ո՛չ, մահից առաջ և ոչ մահից հետո։
ՈՎ ՉԻ ԽՈՆԱՐՀՎԵԼ, ՄԱՐԴ ՉԷ
Ես այնտեղ էի, հազարավոր հանդիսականների մեջ։ Տեսա ամեն ինչ ճերմակ կտավի վրա և սիլուետներով։ Շարժուն՝ առանց աղմուկի, պերճախոս՝ առանց բառերի, կենդանի, վառվռուն և խորհրդավոր իր լռության մեջ։ Տեսա հայ գյուղացուն իր մաքուր, պողպատյա ձեռներով հսկայական ժայռերի կուրծքը փորելիս և ջրանցքներ անցկացնելիս։ Տեսա հայ բանվորին պղնձի հանքերում, գործարաններում և ձուլարաններում։ Տեսա հայ ինժեների լուրջ ու մտախոհ դեմքը, մարդկային ծանր ու ազնիվ աշխատանքը դիտելիս։ Տեսա հռչակավոր ճարտարապետի և գիտնականի պատկառելի կերպարանքը՝ շինություններին հսկելիս։ Տեսա երկրում հերոսաբար մնացած հայ գրողներին, բանաստեղծներին, դերասան ու դերասանուհիներին։ Հայ բժիշկներին հիվանդներին խնամելիս և մարդկային թշվառություններն ամոքելիս, հայ ուսուցիչներին կույրերին գրել ու կարդալ սովորեցնելիս։ Տեսա հայ համալսարանն իր պրոֆեսորներով ու հազարավոր
ուսանողներով. հայ թանգարանը, գրադարանը։ Տեսա հայ զորքերի և հայ պատկոմների մարզանքն ու տողանցքը ու