Չկա դեմք, որ չկրե հոգեկան գոհունակության դրոշմը, հարկավ, բացի անցյալի երազներից տակավին չարթնացած մի խմբակից։
Ժամանակն ոչ կռիվներ է պահանջում, ոչ թեթևամիտ ճառեր, այլ գործ և միմիայն գործ։ Եվ այդ գործը կատարվում է բոլոր այն մարդկանց ձեռքով, որ ընդունակ են գեթ մի աղյուս ավելացնելու կառուցվող շինության վրա։ Զգում ես, որ թե՛ մեծը և թե՛ փոքրը, թե՛ կին, թե՛ տղամարդ, թե՛ հին գաղափարների տեր մարդիկ ու թե՛ նորերի աշակերտները իրանց հոգու մեջ կրում են խորին հավատ դեպի ապագան։
Դեռ մի քանի օր առաջ ես հրավիրված էի ներկա լինելու Հրազդանի վրա կառուցված էլեկտրակայանի բացման հանդիսին. պետք է տեսնեիք, թե որպիսի բարոյական բավարարության մթնոլորտ էր տիրում այդ փառահեղ հանդեսի մեջ և ուրախության ինչ խրախուսիչ ցոլք էր փայլփլում յուրաքանչյուր զույգ աչքերի մեջ։ Դա մի աննախընթաց տոն էր սովերի, կոտորածների ու մուրացկանության սովոր ժողովրդի համար։ Եվ ի՜նչ էր իմաստն այդ ընդհանուր ցնծության։ Ոչ միայն կատարված գործի խոշոր կարևորությունը երկրի համար, այլ նրա ղեկավար գաղափարը — ամեն ինչ ժողովրդին, և ոչ մի հյուլե անհատի ընչասիրությանը։
Ես ոչ ժամանակ և ոչ ցանկություն ունիմ թղթակցի պաշտոն վարելու, ապա թե ոչ հարկավոր էր երկար նկարագրել այն բոլորը, ինչ որ արվել է և արվում է այս ոչ վերածնվող, այլ ամբողջովին նորածին հայրենիքի մեջ։ Գրում եմ ներկա տողերը, ասելու համար արտասահմանյան Հայությանը, որ եթե նա իրապես ցանկանում է հայրենիքի շինության գործին նպաստել, պետք է այժմ իսկ նպաստե առանց հայկական դանդաղության, առանց տատանումների և կասկածների։ Բայց նպաստե ոչ մինչև այժմ եղած զարմանալիորեն աննշան չափերով, այլ երկրի պահանջներին գեթ մասամբ համապատասխան քանակով։
Մի բան պետք է աչքի առջև ունենա արտասահմանի Հայությունը, մի շատ պարզ, շատ հասարակ բան։ Այն, որ մի պետություն մի դպրոց չէ, մի որբանոց չէ, մի հիվանդանոց չէ, որ այնտեղ ամեն ինչ պետք է կատարվե և կատարվում է