Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/592

Այս էջը սրբագրված է

տպավորությունն է թողել և այդ համարում եմ կյանքիս լավագույն պահերից մեկը։ Ես միանգամայն երջանիկ եմ, որ իմ գրչակից ընկերները, ուժերի ներածին չափ, աշխատեցին կուլտուրական կապ հաստատելու, լավագույն նախապայմաններ ստեղծելու։

Ես լիահույս եմ, որ պատգամավորությունների փոխայցելությունը խոշոր հետևանքներ կտա երեք եղբայրական ազգությունների գրականության և արվեստների զարգացման տեսակետից։

Մնում է ցանկանալ, որ Անդրկովկասյան կուլտուրական կապ պահպանող միության ընտրված նախաձեռնող հանձնաժողովը շուտով դիմե գործի, զարկ տալով գրականությունների և արվեստների զարգացմանը՝ ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԴՐՈՇԱԿԻ ՏԱԿ։

ՄԱՐԴՈԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Շատ ժամանակ չէ, որ ես ճանաչել եմ ընկեր Ասքանազ Մռավյանին, ընդամենը երեք տարի, Բայց այդ կարճ ժամանակամիջոցն է՛լ ավելի քան բավական էր համոզվելու համար, որ հանգուցյալն այն խորապես կուլտուրական անհատներից մեկն էր, որոնք հանդիպողի հարգանքն ու համակրանքը գրավում են միանգամից և անվերապահորեն։ Ես չեմ, որ պիտի գնահատեմ նրան որպես քաղաքական գործիչ։ Դա ավելի ձեռնահաս մարդկանց գործն է։ Ինձ համար կարևորագույնը նրա մարդկային արժանավարություններն են։ Մեղմ, բարեսիրտ, նրբազգաց, իր վարվողությունների մեջ վերին աստիճանի քաղաքակիրթ — այսպես եմ ես տեսել Մռավյանին որպես մարդու։ Որպես կուլտուրական մի գործիչ, նա գիտեր ճշգրտորեն գնահատել այն բոլորը, ինչ որ կարևոր և անհրաժեշտ է աշխատավոր ժողովրդի մտավոր և բարոյական կրթության և առաջադիմության համար։ Գրականություն, գիտություններ, թատրոն, արվեստներ, այս բոլորի մասին նա ուներ առողջամիտ հայեցողություն, և այդ էր, որ նրան դարձնում էր համակրելի և պատկառելի։