Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/60

Այս էջը սրբագրված է

կանաչագույն թավշի վրա սփռված լայն, սպիտակ ժապավեն։ Երեկոյան մութը հետզհետե սկսեց ծածկել և՛ մեր անցած ճանապարհը, և՛ այն անդունդը, ուսկից մենք բարձրացել էինք։

Միայն բարձրագագաթ Լալվարն է, որ տակավին մարտընչում է խավարի դեմ, ընդունելով իր վրա թաքնված արևի թույլ ճառագայթները։ Այս լեռան ստորոտը ներկայացնում է Գուգարքի դրախտն իր փայտավետ ձորերով, ծաղկավետ մարգագետիններով, ականակիտ, սառնորակ և վճիտ աղբյուրներով, իսկ գագաթը ներկայացնում է չոր ու ցամաք, քարքարոտ, խոտազուրկ մի տափարակ։

Ավանդությունն ասում է, որ Նոյի տապանն ամենից առաջ կանգ է առել Լալվարի վրա։ Համեստությունը չի թույլ տվել Լալվարին ընդունել տապանը. նա առաջարկել է Նոյին Արագած լեռը, ասելով․

— Ես արժանի չեմ, գնա ինձանից բարձր լեռան գագաթը։

Արագածը ևս չի ընդունել Նոյի տապանը, առաջարկել է Մասիսը, ուր և նա կանգ է առել։

Տապանը միայն անցել է Լալվարի գլխով և անցնելու ժամանակ նրա հատակը քսվել է լեռան գագաթին։ Ահա թե ինչու է Լալվարի գլուխը տափարակ և զուրկ բուսականությունից։

Պարզ եղանակին այս լեռան գագաթից երևում է Արցախի, Գանձակի, Թիֆլիսի դաշտավայրերը, ավելի հեռուն մինչև Կովկասյան լեռնաշղթան։

11

Դարձյալ մտանք Սանահնի հնությունների մեջ։ Այս անգամ Գեղամ վարդապետը մեզ ցույց տվեց վանքի շարժական հնությունները։

Ես հետաքրքրական գտա մոտ վեց հարյուր տարվա մի գրչագիր մագաղաթյա ավետարան Ամստերգամից բերած։ Նշանավոր են այս ավետարանի ոսկեզօծ հրաշալի նկարները։ Չնայելով իրենց դարավոր հնության, նկարներն այնքան